
Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին փոխանցել է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր պատկերացումները

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ողջունել է Հայաստանում արդարություն հաստատելուն մմիտված առանց բռնությունների ժողովրդական շարժումը: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Վեհափառ Հայրապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանին երկիրը ներկա ճգնաժամից սահմանադրական ճանապարհով դուրս բերելու փորձերի համար:
Արամ Ա-ն ասել է, որ ներկա ճգնաժամային իրավիճակի շարունակականությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար՝ ցնցելով երկրի պետականության հիմքերը: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է շուտափույթ լուծման ճանապարհներ որոնել փոխադարձ հասկացվածության և հանդուրժողականության ոգով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային շահից: Վեհափառ Հայրապետը առկա իրավիճակը հաղթահարելու և քաղաքական լուծման իր պատկերացումները փոխանցել է Նիկոլ Փաշինյանին:
Վեհափառ Հայրապետը նաև հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: