«Ժողովրդի դեմ խաղ չկա». հանրապետականները կընտրե՞ն Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հանդիպում են ունեցել։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում մի քանի անգամ հանդիպել են. «Քիչ առաջ էլ քննարկեցինք, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին»։

Իսկ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հաղթանակը ժողովրդինն է, ժողովրդի թեկնածուին նորից կողմ կքվեարկեն. «Մեր խոսքը գործ է, մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»։

Հարցին՝ եթե վարչապետ չընտրվի և արտահերթ ընտրություններ նշանակվեն, «Ծառուկյան» դաշինքը մասնակցելո՞ւ է, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Երբ պարոն Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալել էին, մենք լիարժեք դուրս եկանք և հայտարարեցինք՝ մենք ժողովրդի առաջնորդների կողքին ենք, և իրենք պետք է հրատապ ազատ արձակվեն, և այդ ժամանակ քաղաքական իրադրություն փոխվեց։ Եվ մեր այստեղ լինելը նույնպես քաղաքական իրադրություն կփոխի և ամսի 8-ին անպայման այդ ընտրությունը կկայանա»։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հանրապետականները կընտրե՞ն Փաշինյանին, նա պատասխանեց, որ ամեն ինչ լավ է լինելու.

«Ընտրեն, թե չընտրեն՝ ձեր վստահությունն ու հաղթանակը պահելու ենք և պահպանենք։ Ձեր ուժը կայուն է, միսնական եք, իսկ ժողովրդի դեմ խաղ չկա։ Ամբողջ աշխարհն է մեզ միացել, ամեն ինչ լավ է լինելու»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է։

Տեսանյութեր

Լրահոս