
Ճանապարհների փակման հետևանքով դժվարանում է տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու աշխատանքները. ՋՏՊԿ հայտարարությունը

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ ճանապարհների փակման, սպասարկող աշխատակազմի գործունեությունը սահմանափակող միջոցառումների հետևանքով օր օրի ավելի է դժվարանում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու աշխատանքների իրականացումը, պոմպերի ու պոմպակայանների սպասարկում, ջրամբարների գլխամասերում կատարվող աշխատանքները:
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեն պատշաճ կերպով իրականացրել է անհրաժեշտ նախապատրաստական աշատանքներ՝ գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու նպատակով: Դրա ապացույցը մինչև վերջին օրերս գյուղատնտեսության անխափան ջրամատակարարման իրականացումն է:
Սակայն հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը, հատկապես` ճանապարհների փակումը, մեծ ռիսկի են ենթարկում աշխատանքներն առհասարակ, գյուղացիական տնտեսությունների անխափան ջրամատակարարման ապահովումը` մասնավորապես:
Կոմիտեն ստանում է բազմաթիվ ահազանգեր, որ ճանապարհների փակման, սպասարկող աշխատակազմի գործունեությունը սահմանափակող միջոցառումների հետևանքով օր օրի ավելի է դժվարանում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու աշխատանքների իրականացումը, պոմպերի ու պոմպակայանների սպասարկում, ջրամբարների գլխամասերում կատարվող աշխատանքները:
Հարգելի հայրենակիցներ, գարնանային այս օրերին է ձևավորվում գյուղացու տնտեսությունը: Այս օրերի կորուստը գյուղատնտեսության համար անվերադարձելի է: Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դադարեցնել ճանապարհների շրջափակումը, որը հնարավորություն կտա մեր աշխատակիցներին պատշաճ կերպով իրականացնել ջրամատակարարման գործառույթը, ժամանակին կանխել վթարներն ու ջրամատակարարման խափանումները»: