Բաժիններ՝

«Ես թողեցի բոլոր գործերս և աղջկաս հետ եկա Հայաստան, որպեսզի խոնարհվեմ այն երիտասարդների առաջ, ովքեր քայլ արեցին, և այդ քայլը դարձավ հեղափոխություն». Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստանի վերջին շաբաթների ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձավ սպասվող փոփոխություններին.

«Ես ասուլիսին եկել եմ ոտքով և ամբողջ ճանապարհին տեսել այն խանդավառությունը, միասնությունն ու համախմբվածությունը, որ վերջին շաբաթներին տիրում է մեր ողջ երկրում: Սիրով լցված այսպիսի հեղափոխություն դժվար թե այլևս որևէ տեղում տեսնես: Ես Հայաստան եմ եկել երեք օրով, թողեցի բոլոր գործերս ու պայմանավորվածություններս ու աղջկաս հետ եկա, որպեսզի խոնարհվեմ այն երիտասարդների առաջ, ովքեր քայլ արեցին, և այդ քայլը դարձավ հեղափոխություն: Ես եկել եմ խոնարհվելու նրանց հավատի և արժանապատվության առաջ: Եկա նաև այս ամենն իմ աչքերով տեսնելու և զգայարաններով զգալու, որպեսզի տարիներ անց թոռնիկներիս պատմելու բան ունենամ»:

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում գումարված հատուկ նիստի և դրա արդյունքների թեմային, օպերային երգչուհին նկատում է՝ամենաանտաղանդ ու սոսկալի թատերական ներկայացումն էր՝ տրագիկոմեդիայի ժանրում, որտեղ դեռ հայտնի չէ՝ կոմեդիա՞ն էր գերակշռում, թե՞ ողբերգությունը. «Այդ մարդկանց տեսնելով՝ ամենամեծ ցավն էի ապրում, որ այսօր՝ 21-րդ դարում, Ազգային ժողովում հավաքված տիկնայք և պարոնայք կարող են ապրել դեռ միջնադարում: Առաջին լուրջ բարեփոխումը, որ պետք է կատարվի հեղափոխությունից հետո, այն է, որ այս մարդկանց և նրանց հովանավորներին պետք է հեռացնել, ովքեր տարիներ շարունակ արդեն փաստել են իրենց անգործությունն ու վնասակարությունը մեր երկրին»:

Առաջնահերթ խնդիրների շարքում Հասմիկ Պապյանն ընդգծում է նաև երկրում արդարադատության համակարգի վերականգնումը.

«Այսպիսի դատարաններով և այսօրինակ խայտառակ դատական համակարգով մեր երկիրը չի կարող առաջ գնալ և համընթաց քայլել աշխարհի հետ: Առհասարակ, չկա մի այնպիսի ոլորտ, որի առողջացումն ու բարեփոխումը կարողանանք ստորադասել մյուսներից: Այս ողջ տարիների ընթացքում մեր երկիրն էականորեն լուրջ վնասներ է կրել բոլոր ոլորտներում և բոլոր առումներով»:

Անդրադառնալով մշակութային ոլորտում սպասվելիք բարեփոխումների թեմային, օպերային երգչուհին առանձնացնում է.

«Շատ կարևոր խնդիրներից է՝ ժողովրդին վերադարձնել դեպի իր մշակույթը: Մենք չպետք է թույլ տանք, որ մանկապարտեզի երաժշտական հանդեսներ վարած մարդիկ իրենց ձեռքը վերցնեն մեր մշակույթը և պարտադրեն առավել արժանավորներին իրենց շողոքորթել և քծնել իրենց՝ տալով նրանց կոչումներ, պարգևներ և մեդալներ և այլն: Մենք մեր ժողովրդին պետք է վերադարձնենք իր կորցրած հպարտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս