«88-ին ՀՀԿ-ն չէր ժողովրդի առաջ կանգնած, ԽՍՀՄ-ն էր, բայց նա էլ չդիմացավ». Արարատ Զուրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ կասկած հայտնեց, որ Հանրապետականն իր միասնականությունը կպահպանի։
«Տեսել եմ էդ միասնականություն պահպանելը, թիմից փախնելն ու բանակցելը։ Ապրել ենք, չէ՞, բոլորս։ Ստեղ մարդիկ կան, որ բուռն հանրապետական են, դեռ ՀՀՇ-ի տոմսը հետևում պահում են»,- ասաց Ա.Զուրաբյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀԿ-ն ռուսներին «տղա է կանչում», ռուսների ուշադրությունն են հրավիրում, թե Նիկոլը հակառուս է։
Ա.Զուրաբյանը կոչ արեց ՀՀԿ-ականներին հասկանալ, որ իրենք հասունացրել են մի բան, որի առաջ չեն կարող կանգնել։ Նա հիշեցրեց, որ 88-ին ՀՀԿ-ն չէր ժողովրդի առաջ կանգնած, ԽՍՀՄ-ն էր, բայց նա էլ չդիմացավ. «Մեզանից ոչ մեկը չի ուզում՝ արյուն թափվի, վստահ եմ, բայց էս դիմադրությունը բերելու է ինչի՞ն։ Որևէ մեկը կա՞, որ կասկածում է։ Կա՛մ դուք պետք է ծեծեք էս ժողովրդին, մեզ, տանեք բանտերը, ոնց սովորաբար արել եք։ Կոչ եմ անում՝ էս մի անգամ մի՛ արեք։ Ոչ ոք չի պատրաստվում ձեզ հետապնդել։ Հակառակը, Նիկոլը ասեց, որ համերաշխության մթնոլորտ ենք ուզում ձևավորել, համատեղ էս ճգնաժամից դուրս գալ»։
Ա.Զուրաբյանը հորդորեց ՀՀԿ-ականներին՝ հնարավորություն տալ ժամանակավոր վարչապետ դառնալ Նիկոլ Փաշինյանին, իսկ իրենք վերահսկեն ընտրությունները։ Նա նկատեց, որ հենց հանրապետականներից լսել է, թե Նիկոլը չի կարող իշխանություն պահել, և հարցադրում արեց, թե ինչո՞ւ են մտահոգվում, եթե չկարողանա պահել, ՀՀԿ-ին է հանձնելու։
Ա.Զուրաբյանը նշեց, որ սահմանին միշտ է լարված, սադրանքն էլ շատ արագ կբացահայտվի, և պետք չէ սահմանով վախեցնել։
«Էդ ողջամտությունը, 18-20 տարվա քաղաքական ճանապարհն անցնելու, ձեռք եք բերել, մի անգամ լավ կլինի, որ դրսևորեք»,- եզրափակեց Ա.Զուրաբյանը։