«Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք, ես չեմ տեսնում ձեզ գերագույն հրամանատարի դերում». Էդուարդ Շարմազանով

«Այսօր շատ կարևոր օր է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ ողջ հայության կյանքում։ Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ, որը ոչ միայն գործադիր իշխանության ղեկավարն է, այլ որը դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է և գլխավոր բանակցողը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրության ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ այսօր մեր երկրում նոր իրողություններ են և նոր իրավիճակ, միևնույն ժամանակ՝ հարկ է նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն և հասարակությունը «մերոնքների» և «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ. «Անկախ նրանից՝ դուք դա ընդունում եք, թե ոչ, հարգելի՛ գործընկերներ, դա այդպես է։ Պատմությունն ամեն ինչ և ամեն մեկիս կդնի իր տեղը»։

Է. Շարմազանովը շեշտեց, որ իրենք չեն գնացել մերժողական ճանապարհով, պատրաստ են եղել և պատրաստ են երկխոսության, բայց ոչ երբեք՝ վերջնագրերի։ Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չպետք է ունենան, բոլորը պարտավոր են հարգել բազմակարծությունն ու այլակարծությունը, և իր համար անընդունելի է որևէ միջոցով փորձել ազդել որևէ պատգամավորի կարծիք արտահայտելու վրա. «Պրեսինգն անթույլատրելի է։ Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներն ենք, յուրաքանչյուրս մեր խղճի մտոք կընտրենք մեր վարչապետին կամ դեմ կամ կողմ քվեարկությամբ»։

Վարչապետի վերաբերյալ Է. Շարմազանովն ընդգծեց, որ այսօր ընտրում են ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ, այսինքն՝ դա նշանակում է՝ հայեցակարգային հարցերում լինել հետևողական և անփոփոխ։ Նա հարցադրում արեց, թե Փաշինյանի ընտրվելու պարագայում ո՞վ է լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, նախարարները, ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը. «Ո՞վ, ովքե՞ր։ Պատասխան չկա»։

Կարդացեք նաև

Հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ «Ելքը» և Նիկոլ Փաշինյանը խոսում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ այսօր ասում են՝ իրողություն է փոխվել, Է. Շարմազանովը նկատեց, որ, երբ իրենք էին ասում իրողությունների փոփոխության մասին, իրենց մեղադրում էին ստախոսության մեջ, ինչն առնվազն արդար չէ։

Է. Շարմազանովը հայտարարեց, որ թեկնածուն որևէ հայեցակարգ չներկայացրեց Արցախյան հարցում, ինչպե՞ս է բանակցելու, ո՞րն է նրա փոխզիջման գինը, գնալո՞ւ է փոխզիջման, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը, ինչպե՞ս է ավելացնելու ռազմական բյուջեն։

«Քաղաքական գործիչների համար ամենաէականը գաղափարախոսության առկայությունն է։ Անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի փոքր էլ լիբերալ։ Քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն։ Այդպես է քաղաքակիրթ աշխարհում՝ Վաշինգտոնից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Մոսկվա։ Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի»,- հայտարարեց Է. Շարմազանովը՝ վստահեցնելով, որ իրենք էլ մտահոգ են հայրենիքում առկա խնդիրներով, չեն ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա, անարդարություն, ու անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, պետք է խոսել ոչ թե վերջնագրերով, այլ երկխոսության գնանք։

Նա ընդգծեց, որ իր գնահատականները բացառապես քաղաքական են, դրանցում չկա որևէ անձնական վերաբերմունք։

«Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք, ես չեմ տեսնում ձեզ գերագույն հրամանատարի դերում։ Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ խոսքերով՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական ու ազգային Հայաստան»,- ասաց Է. Շարմազանովը։

 

Տեսանյութեր

Լրահոս