«Պարոն Փաշինյան, դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ պաշտպանության մասին օրենքին». Նիկոլ Փաշինյանն ու Կորյուն Նահապետյանը վիճեցին

«Ակնհայտորեն, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից նկատվում են ռազմական տեխնիկայի կուտակումներ, կան նաև տեղեկություններ, որ պայմանավորված Հայաստանի ներքին իրադրությամբ՝ հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում, և անգամ առաջարկներ են հնչեցնում՝ սրացումներ առաջացնել այդ ճակատում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Հիշեցնելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ընտրվելու դեպքում հանդես կգա՝ որպես գերագույն հրամանատար, Կ. Նահապետյանը նշեց, որ դա միայն պատերազմի դեպքում կարող է լինել։ Նա նշեց, որ իրեն և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է Փաշինյանի կարողությունը, պատրաստվածությունը, պաշտպանական ու անվտանգության համակարգի իմացությունը. «Վարչապետ ընտրվելու դեպքում դուք շատ պատասխանատու որոշումներ պետք է կայացնեք, հատկապես՝ պատերազմի ժամանակ»։

Կ. Նահապետյանը 2 կոնկրետ իրավիճակ բնութագրեց և հարցրեց, թե ի՞նչ կձեռնարկի Ն.Փաշինյանը երկու դեպքերում, առաջին՝ ՀՀ-ին սպառնացող անմիջական վտանգ է առկա, և ՀՀ կառավարությունը չունի ԶՈՒ կիրառման վերաբերյալ որոշում, երկրորդ՝ ինչպիսի՞ իրավական հնարավորություն է տեսնում ԶՈՒ-ի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում ԶՈՒ առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին։

Ն.Փաշինյանը զարմանք հայտնեց Նահապետյանի հարցից՝ նշելով, որ ԱԺ դահլիճում արդեն 2 ժամից ավելի քննարկում են, որ պետության մեր որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ։

Կարդացեք նաև

«Ես հիմա, ի գիտություն ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, և դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս։ ՀՀ-ում կան ինստիտուտներ, ՀՀ-ում կա գլխավոր շտաբ, ՀՀ-ում կա Պաշտպանության նախարարություն և, ընդհանրապես, վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է՝ համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով։ Որովհետև հիմա, որ էդ հարցերը տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարակից հարցերի պատասխան, որպեզի տամ այդ հարցի պատասխանը՝ սկսած նրանից, թե եղանակը ինչպիսին է և ինչպիսին է սպասվում, և այլն»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա նշեց, որ ասելով, որ պատրաստ է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը, ի նկատի չունի, որ ինքը հանրապետության ամենաուժեղ էներգետիկն է, կամ հանրապետության ամենաուժեղ տրանսպորտնիկն է, կամ հանրապետության ամենաուժեղ հրետանավորն է, կամ հանրապետության ամենաուժեղ հետախույզն է, կամ հանրապետության ամենաուժեղ բժիշկն է, կամ ամենաուժեղ օդաչուն։ Ն.Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի կարգավիճակն առաջին հերթին քաղաքական կարգավիճակ է, և առաջին հերթին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր մոտ կհրավիրի ՊՆ-ի, գլխավոր շտաբի, ԱԱԾ-ի համապատասխան պաշտոնյաների և կլսի նրանց զեկույցը հայ-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հաստատված պլանների վերաբերյալ տեղեկություններ կստանա և կլսի նրանց կարծիքն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու մասին, նոր միայն կկայացնի անհրաժեշտ որոշումներ։

«Պարոն Փաշինյան, խոր ափսոսանք պետք է հայտնեմ, որ տվյալ դեպքում դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ պաշտպանության մասին օրենքին։ Ես ձեր փոխարեն՝ կանգնած չեմ այդտեղ՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի ամբողջական և սպառիչ պատասխանեմ, թե այդ իրավիճակում ինչպես կվարվեի՝ որպես վարչապետ։ Ցավում եմ, որ դուք ուղղակի չեք կարող այն հիմնական բեռը և պատասխանատվությունը ստանձնել՝ որպես գերագույն հրամանատար, որովհետև, եթե դուք չգիտեք այն հիմնական իրավական կարգավորումները, ով պետք է՝ որպես վարչապետ, ղեկավարի, նրան մոլորության մեջ է գցելու և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԶՈՒ ԳՇ պետը։ Նրանք ձեզ ներկայացնելու են մի իրավիճակ, դուք չեք իմանալու, թե ինչ գործառույթներ ունեք իրականացնելու»,- հակադարձեց Կ.Նահապետյանը՝ ներկայացնելով այն, թե ինչ պետք է անել ընտրվելու պարագայում։

Առաջին իրավիճակում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ որոշում կայացնել ԶՈՒ կիրառման մասին, ապա ՊՆ առաջարկությամբ վարչապետը պետք է ԶՈՒ-ն գործողության մեջ դնելու մասին որոշում կայացնի. «Եթե դուք դա չգիտեք, ես պատկերացնում եմ՝ ինչպիսի վիճակում պետք է հայտնվեն մեր հայրենակիցները, եթե չգիտեք, թե վարչապետին ինչ պարբերականությամբ պետք է զեկուցեն անհետաձգելի, հրատապ, սահմանափակ գործողություններ և հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով, այստեղ դուք քննություն եք բռնում՝ որպես վարչապետի թենածու, ոչ թե՝ որպես ռազմագիտության քննություն հանձնող»։

Ն.Փաշինյանը ցավ հայտնեց, որ Կ.Նահապետյանն այնքան էլ լավ չի պատկերացնում, թե հիմա իրենք ինչով են զբաղված. «Ես գայթակղությանը չեմ տրվի և ձեզ հարցեր չեմ տա երթևեկության կանոնների մասին, որովհետև դուք, իսկապես ցավում եմ, շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, և, եթե թվում է, թե դուք տպավորություն եք թողնում, դուք չափազանց սխալվում եք»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս