«Բոլորով միասին պետք է միավորվենք, որպեսզի կարողանանք հաջողությամբ իրականացնել այն բոլոր ծրագրերը, որ երկուստեք նախանշել ենք». Ժան-Բատիստ Լըմուան
Մարտի 30-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև պաշտոնական բանակցություններ վարել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին ընդունել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն հետևությունները, որ ես արեցի իմ այստեղ անցկացրած հանդիպումներից՝ այն է, որ կան բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի կարողանանք ստեղծել ֆրանկոֆոն գործարար աշխարհի մի ցանց, որն իր գործուն մասնակցությունը կսփռի աշխարհով մեկ սփռված ֆրանկոֆոններին, և հատկապես այնպիսիք, որտեղ մեծամասամբ ներգրավված կլինեն երիտասարդ կադրերը, այս կոնտեքստում չմոռանալով շեշտը դնել նաև կին-տղամարդ հավասարության սկզբունքի վրա»,- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ընդունելության ընթացքում Ժան-Բատիստ Լըմուանը:
Ժան-Բատիստ Լըմուանն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հուշահամալիրին: Ֆրանսիացի պաշտոնյան այցելել է նաև Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, գրառում կատարել հուշամատյանում:
Այցելության ողջ ընթացքում Ֆրանսիացի նախարարին ուղեկցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Այցի առաջին օրվա ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան եղավ նաև Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, որից ստացված տպավորությունների մասին նշեց.
«Այսօր, երբ առիթ ունեցա հանդիպելու Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին, ինձ համար ավելի պարզ դարձավ, թե ինչու սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը մի առիթով առանձնակի հիշատակեց այդ համալսարանի անունը: Ես այնտեղ տեսա ոչ միայն խորը հանձնառությամբ զինված դասախոսական կազմ, այլ առիթ ունեցա հանդիպելու մեծ թվով ուսանողների, ովքեր մեծ պահանջկոտությամբ են անդրադառնում իրենց կրթության հարցերին: Բնականաբար, այս ամենից իմ հետևությունն այն է, որ կա պարարտ հող Հայաստանի և Ֆրանսիայի միջև գիտական խորը համագործակցության համար»:
Պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանի Հայաստան պաշտոնական այցի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ընդունելություն էր կազմակերպվել, որին մասնակցում էին Հայաստանում ֆրանսիական համայնքի ներկայացուցիչները, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ընդունելության մեկնարկին պարոն Ժան-Բատիստ Լըմուանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց.
«Մենք բոլորս քայլում ենք մի ճանապարհով, որ մեզ տանում է դեպի մի մեծ իրադարձության, նկատի ունեմ Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը։
Բոլորովին վերջերս Ֆրանսիայում կայացած ՀՀ և ՖՀ նախագահների հանդիպման ընթացքում այս իրադարձության մասին մանրամասն քննարկումներ արդեն իսկ եղել են: Ուզում եմ ասել, որ բոլորով միասին, ամեն մեկս մեր տեղում պետք է միավորվենք, որպեսզի կարողանանք հաջողությամբ իրականացնել այն բոլոր ծրագրերը, որ երկուստեք նախանշել ենք, և որոնք հեռահար նպատակներ ունեն հայ-ֆրանսիական հարաբերությունների երկուստեք առավել սերտացման ուղղությամբ:
Պետք է կարողանանք մեր գործուն մասնակցությունը ցուցաբերել նաև կրթական ոլորտի հզոր գործիքակազմի վերատեղայնացմանն ուղղված տարբերակների իրականացման գործում: Չմոռանանք նաև Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի դերի մասին, որտեղ հենց իր՝ պարոն Ազնավուրի համաձայնությամբ, այս տարվա ընթացքում բազմաթիվ հիանալի և հետաքրքիր միջոցառումներ պետք է իրականացվեն»:
Նշենք, որ Երևանում 2018 թվականի հոկտեմբերին կկայանա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։