Բաժիններ՝

Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես եկավ հայ երաժշտասերների առաջ

Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մարտի 30-ին Երևանում հանդես եկավ «Ձայնային հուշանվեր» խորագրով համերգով: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս համերգը Հայաստան-ԵՄ մշակութային կապերի ամրապնդման ևս մեկ ապացույց է:

«Այս համերգը հնարավորություն է Երևանը Բրյուսելի հետ կամրջելու համար: Դա կամուրջ է, որ շատ կարևոր նշանակություն ունի: Համերգը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի և Եվրոպական միության մշակութային կապերն ավելի են սերտանում»,-ասաց Սվիտալսկին ու հավելեց՝ Հայաստանը մեծ տաղանդների և բարձր մշակույթի երկիր է:

Դեսպանը նշեց՝ ելույթով հանդես է գալիս, որպեսզի պատանի երաժիշտները զգան ինչպես իրենց տանը:

Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի անդամները 9-17 տարեկան երեխաներ են: Սիմֆոնիկ նվագախումբն ամեն տարի համերգային ճամփորդություններ է ունենում տարբեր երկրներում: Երիտասարդ երաժիշտներն այս տարի այցելել են իրենց դիրիժորի՝ Արման Սիմոնյանի ծննդավայր՝ Հայաստան: Դասական երաժշտության համերգին եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններին զուգահեռ նրանք կատարեցին նաև հայերի՝ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի գործերից:

Սվիտալսկին պատանի երաժիշտներից խոստում ուզեց՝ Հայաստանից հետո ուր էլ գնան, անպայման կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից: «Կարծում եմ՝կատարելով նրա գործերից, դուք ինքներդ եք համոզվել, որ Կոմիտասն իսկապես տաղանդավոր է: Ուր էլ գնաք, տարեք նրա տաղանդը ձեզ հետ»,- նշեց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց՝ 2018-ը յուրահատուկ նշանակություն ունի իրենց համար, քանի որ հայտարարված է եվրոպական մշակութային ժառանգության տարի: Շուտով կտրվի այդ շրջանակում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների մեկնարկը: «Ապրիլի 19-ին մեկնարկային համերգ կկայանա Հայաստանի Զվարթնոցի տաճարում: Ելույթ կունենա «Հորտուս» անսամբլը, որը ցույց է տալիս Եվրոպական միության երաժշտական ժառանգության հարստությունը: ԵՄ երկրների բուհերի ճարտարապետության բաժինների շատ ուսանողներ պետք է ուսումնասիրեն ու անգիր սովորեն Զվարթնոցի տաճարի շատ էլեմենտներ»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ իրենք ուզում են այս տարին օգտագործել՝ ցույց տալու, թե որքան կարևոր է եղել Հայաստանի մշակութային նպաստը, մասնակցությունը եվրոպական մշակութային ժառանգությունում դարեր ի վեր:

Մշակույթը շատ կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ-ի կողմից երկրի զարգացմանը տրամադրվող աջակցության շրջանակում: Սվիտալսկու խոսքով՝ իրենք արդեն ՀՀ կառավարության հետ արդեն բանակցություններ են վարում, որ 2018-ի տարեկան գործողությունների կարևորագույն բաղադրիչներից լինի ստեղծագործ ոլորտին նվիրված ծրագիր: «Ուզում ենք ապացուցել, որ Հայաստանն այս ուղղությամբ կարող է լինել օրինակելի, քանի որ ունի ստեղծագործական ոլորտի համար շատ կարևոր երկու կոմպոնենտ՝ ձեռներեցությունն ու ստեղծագործ ոգին»,-եզրափակեց Սվիտալսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս