Բաժիններ՝

«Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին: Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց այդ ծրագիրը, որի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ:

«Արդյունքում ունեցել ենք այս պատկերը. 2018 թվականի մարտի դրությամբ 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը, դեռևս փակման են ենթակա 108-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում ևս նշանակվել են ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ՝ չնայած դրական զարգացումներին»,- նշեց վարչապետը:

Կ. Կարապետյանն ասաց, որ դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների անհրաժեշտություն: Նա Տարածաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու համայնքների ղեկավարներին առաջարկեց 10-օրյա ժամկետում մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի նոր գործողությունների ծրագիր, սահմանել հստակ ժամանակացույց՝ ներառելով բոլոր շահագրգիռ կառույցներին, նախատեսել իրավաբանական աձանց հետ աղբահանման պայմանագրերն ավարտին հասցնել մինչև հունիսի մեկը, թերությունների դեպքում կիրառել համապատասխան միջոցներ, ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապատասխան միջոցառումների, բնական ու պատմական հուշարձանների տարածքը մաքուր պահելուն:

Վարչապետը հանձնարարեց Դավիթ Լոքյանին նաև մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույցը, ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված համապատասխան աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս