Բաժիններ՝

Կատալոնիայի նախկին ղեկավարին ձերբակալել են գերմանա-դանիական սահմանին

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին, մարտի 25-ին հաղորդել է Գերմանիայի Bild հրատարակության կայքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հրատարակության տվյալնորով՝ Կիլ քաղաքի (Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամաս) ավտոճանապարհային ոստիկանության ծառայողները Պուչդեմոնին ձերբակալել են Դանիայի հետ սահմանը հատելիս։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուչդեմոնը լքել է Ֆինլանդիան, և նրա գտնվելու մասին այդ երկրի իշխանությունները ոչինչ չգիտեն։

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան մարտի 23-ին տվել է Պուչդեմոնին և Կատալոնիայի՝ Իսպանիայի տարածքից դուրս գտնվող մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալման եվրոպական օրդեր։

2017թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե։ Իսպանիայի սահմանադրական դատարանը երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող է համարել հանրաքվեն։ Մադրիդը կիրառել է Սահմանադրության 155-րդ հոդվածը, ոըը նախատեսում է ինքնավարության մի շարք սահմանափակումներ՝ ընդհուպ մինչև տարածաշրջանի արտահերթ ընտրությունները։ Դրանից հետո Պուչդեմոնը մեկնել է Բելգիա։

Կատալոնիայի խորհրդարանի դեկտեմբերի 21-ին անցկացված արտահերթ ընտրություններում խորհրդարանում տեղերի մեծամասնություն են ստացել Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները։

Իսպանիայի իրավապահները հետապնդում են Պուչդեմոնին և նրա չորս զինակիցների խռովության, իշխանություններին չենթարկվելու և պետական միջոցների վատնման մեղադրանքներով։ Իսպանիայի օրենքներով՝ նրանց սպասում է մինչև 30 տարի ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս