
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա Երեմիա վարդապետին

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանին` ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Դեռևս մարտի 1-ին Հայր Սուրբը «Քահանայության և քահանայագործության կանոնական-եկեղեցական ընկալումները միջնադարյան Հայաստանում՝ ըստ «Կանոնագիրք Հայոց»-ի» վերնագրով թեզ էր պաշտպանել մասնավոր վարդապետության աստիճան ստանալու համար: Մուշեղ Սրբազանի ձեռամբ, մարտի 21-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Հայր Երեմիային տրվեցին մասնավոր վարդապետության չորս աստիճանները:
Հանդիպմանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երեմիա վարդապետին բերեց հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքները` պատգամելով առավել նախանձախնդրությամբ և նվիրումով շարունակել իր սպասավորությունը բերել Հայոց Եկեղեցու անդաստանում:
Այս առիթով Նորին Սրբությունը Հայր Երեմիայի կուրծքը զարդարեց վարդապետական լանջախաչով: