
Սերժ Սարգսյանի հանձնարարականով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը` նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Այցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով էր:
Հայրապետյանը տեղում հանդիպել է համայնքապետի, գյուղապետի և այլ պաշտոնատար անձանց հետ, այցելել է միջնակարգ դպրոցին կից ֆուտբոլային դաշտ, գրում է Armsport.am-ը:
Որոշում է կայացվել կարգի բերել մարզադաշտը, ցանկապատել այն և կառուցել հանդերձարաններ:
Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ աշխատանքները կարող ենք արդեն սկսված համարել. դրանք պետք է ավարտին հասցվեն մինչև սեպտեմբերի 1-ը:
ՀՖՖ նախագահը նաև խոստացել է ուղևորատար ավտոմեքենա նվիրաբերել` տեղափոխությունները հեշտացնելու նպատակով: Ֆեդերացիայի պատվիրակության անդամները նաև գնդակներ և մարզահագուստ են նվիրել տեղի երեխաներին:
Տեղում մշակվել են նախադրյալները, ըստ որոնց սահմանամերձ համայնքների միավորումով կկազմավորվեն թիմեր, որոնք կմասնակցեն ՀՀ մարզային և հանրապետական առաջնություններին:
Հայրապետյանը նշել է նաև, որ տեղի մարզիչները վերապատրաստում կանցնեն ՀՖՖ-ում: