
«Արհեստական խոտածածկը ոչնչացրեց հոլանդական ֆուտբոլը». Ռուդ Գուլիտ

Հոլանդացի մարզիչ Ռուդ Գուլիտը քննադատել է Հոլանդիայի առաջնության անցկացումը արհեստական դաշտերում:
«Ես միշտ ասել եմ, որ սինթետիկ ծածկերի օգտագործումը վատ միտք է, բայց ինձ ոչ ոք չէր լսում: Հիմա դա հասկանալի է բոլորին, բայց ամեն ինչ հետ վերադարձնել շատ դժվար է:
Արհեստական խոտածածկը ոչնչացրեց մեր ֆուտբոլը: Սա լրիվ այլ խաղ է: Մենք նկատում ենք, որ ֆուտբոլիստներն այլևս չեն ուզում գալ Հոլանդիա, իսկ երիտասարդ խաղացողները գնում են: Բոլոր երիտասարդական թիմերը պետք է խաղան բնական խոտածածկի վրա: Եթե ձեզ լավ խոտ է պետք, ապա Հոլանդիան լավագույն վայրն է դրա համար: Մեզ մոտ լավագույն բնական խոտն է աշխարհում»,- Գուլիտին է մեջբերում vi.nl-ը:
Հոլանդիան չի հասել հավաքականների վերջին 2 մրցաշարերի՝ Եվրո-2016-ի և ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը