Բաժիններ՝

Հայաստան-Էստոնիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով․ Նորբերտո Բալեկյանը նշեց նորամուտը

Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով։ Թիմերը շատ ակտիվ սկսեցին խաղը։ Արդեն հանդիպման մեկնարկին թիմերը փոխանակվեցին վտանգավոր գրոհներով, երկու դեպքում էլ հաջող գործեցին դարպասապահները։

Առաջին խաղակեսն, ընդհանուր առմամբ, անցավ Հայաստանի ազգային ընտրանու առավելությամբ, իսկ Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի շատ որդեգրել էին պաշտպանվելու և հակագրոհելու մարտավարությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը կարող էր հաջողության հասնել ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը տուգանայինից շատ վտանգավոր փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, Սարգիս Ադամյանը, ընկնելով հարվածեց, սակայն վստահ խաղաց Էստոնիայի ընտրանու դարպասապահը՝ հետ մղելով գնդակը, իսկ վրա հասած Հայկ Իշխանյանի հարվածը փակեցին պաշտպանները։ Խաղակեսի վերջնամասն անցնում էր Հայաստանի հավաքականի մեծ առավելությամբ, մեր ֆուտբոլիստները կարողացան մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպել մրցակցի դարպասի մոտ, սակայն առաջին խաղակեսում հաշիվը բացել չհաջողվեց։

Երկրորդ խաղակեսը ևս ակտիվ սկսեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Խաղակեսի մեկնարկին Սարգիս Ադամյանը, ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, շրջանցեց մրցակցի պաշտպանների մեկին, ներխուժեց տուգանային հրապարակ և հարվածեց, սակայն գնդակը դիպավ մրցակցի պաշտպաններից մեկի ձեռքին, իսկ մրցավարը գտավ, որ խախտում չկա ու 11 մետրանոց հարված չնշանակեց։

Երկրորդ խաղակեսի ընթացքում գնդակին ավելի շատ տիրում էին մեր թիմի ֆուտբոլիստները։ Հանդիպման 68-րդ րոպեին խաղադաշտ մտավ արգենտինահայ ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով իր նորամուտը նշեց հավաքականի կազմում։

72-րդ րոպեին տուգանային հարվածից հետո կարող էր աչքի ընկնել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, սակայն նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը կարողացավ փրկել իրավիճակը։ Հայաստանի հավաքականը շարունակեց ակտիվ խաղը, մեր ֆուտբոլիստներին հաջողվեց մի քանի վտանգավոր գրոհ ևս անցկացնել, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել այդպես էլ ստացվեց։ Էստոնիայի հավաքականը ևս մի քանի դրվագում կարողացավ լարվածություն առաջացնել Հայաստանի ազգային հավաքականի դարպասի մոտ, բայց արդյունքի հասնել ևա չկարողացավ։

Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս