«Հայաստանում քաղաքական ՍՊԻԴ է տիրում. այս պետությունը կարող է մեռնել». Կարեն Քոչարյան

«Ժողովրդի ատելությունն իշխանությունների նկատմամբ մինչև այն պահն է, երբ գալիս են ընտրությունները։ Հենց գալիս են ընտրությունները՝ այդ 5-10 հազար դրամը վերցնում ու հեչ չեն ատում։ Այ, այստեղ է խնդիրը։ Այսօր այնպիսի ապատիա է, որ ժողովուրդն ատում-ատում է, հենց գալիս է ընտրությունը՝ ատելությունը մի վայրկյանում հօդս է ցնդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի՝ երիտասարդներին վերաբերող հատվածին, նա նկատեց՝ օդում շեքսպիրյան հարցն է կախվել՝ կրթե՞լ, թե՞ կռտել.

«Մինչ օրս ստացվել է այնպես, որ կռտել են։ Ֆիզիկայի օրենք գոյություն ունի, որ, եթե չլինի դիմադրություն, չի լինի շարժ։ Հիմա իշխանությունը չի հասկանում, որ, եթե չլինի դիմադրություն, այդ ամենը տրաքելու է։ Չի կարելի հասարակական-քաղաքական դաշտը բերել հասցնել քաղաքական ՍՊԻԴ-ի։ Հայաստանում քաղաքական ՍՊԻԴ է տիրում, այսինքն՝ մի փոքր բանից ամեն ինչ կարող է ոչնչանալ, գրիպից կարող է մեռնել այդ դաշտը, այս պետությունը կարող է մեռնել։ Բալանս է պետք պահել, կարող է այդ բալանսը մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ լինել, բայց չի կարող լինել 100 տոկոսով մի կողմի վրա»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ հասարակությունը ցար է ուզում. «Անցնել խորհրդարանական համակարգի Հայաստանի այսօրվա մենթալիտետի պայմաններում, ինձ համար անհասկանալի է, որովհետև այս ազգը երբեք չի ընտրել նախագահ, ԱԺ պատգամավոր, ԱԺ կուսակցություններ, կամ ընտել է ցար, կամ փոքրիկ բդեշխ. անձին են ընտրել։ Քաղաքական ուժին Հայաստանում մինչ օրս ոչ ոք ձայն չի տվել»։

Կարեն Քոչարյանը համոզված է՝ երբ 2014թ. Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու լինել վարչապետ, այդպես էլ մտածել է. «Ոչ ոք նրան չի ստիպել անել այդ հայտարարությունը, որն այսօր փորձում են սրբագրել։ Շատ վատ են սրբագրում, որովհետև երբ հանրապետականներն ու Սերժ Սարգսյանն ասում են, որ Սարգսյանն այսօր էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, վերջին մասը բաց են թողնում՝ նույն մարդը երրորդ անգամ չի կարող լինել երկրի ղեկավար։ Այս հատվածն է, որ փորձում են բաց թողնել բոլոր հանրապետականները։ Ես հավատում եմ, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանն ազնիվ է եղել։ Նա լավ գիտեր, որ իրեն հիշեցնելու են, նույն Նիկոլ Փաշինյանը ամեն րոպե դա հիշեցնելու է, նրա ինչի՞ն էր դա պետք։ Այսինքն՝ նա իրոք ադպես է որոշել, այլ խնդիր է, որ չի ստացվել»։

Օրենսդրական փոփոխությունների ողջ տրամաբանությունը, ըստ քաղտեխնոլոգի՝ բերում է նրան, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս