«Եթե սոցհարցումներ արվեն ժողովրդի շրջանում, ապա շատերը կցանկանան, որ հենց Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ». հոբեգան
Հոգեբան Սամվել Խուդոյանի տպավորությամբ՝ հասարակությունն անտարբեր է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հարցի նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոգեբանն ասաց, որ ժողովուրդը համոզված է՝ Սերժ Սարգսյանն է ընտրվելու. «Ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է, թե Սերժ Սարգսյանն արդյո՞ք կկատարի իր տղամարդկային խոսքը, այսինքն՝ ավելի շատ նրա թասիբի հարցն է հետաքրքրում, քան նրա բուն ընտրությունը։ Դրա հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին մրցակից չի ձևավորվել։ Չկա մրցակից, այսինքն՝ ոչ թե չկան, այլ խեղդվել են, ճնշվել են, ոմանք էլ բանտում են։ Հիմա ժողովուրդն ասում է՝ ասենք թե՝ ոչ Սերժ Սարգսյանը, բա, էլ ո՞վ։ Այս դիրքորոշումն է»։
Խուդոյանը համոզված է՝ եթե սոցհարցումներ արվեն ժողովրդի շրջանում, ապա շատերը կցանկանան, որ հենց Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ, քանի որ մրցակից չկա. «Խեղդել են ընդդիմությանը, ինչպես Պուտինն արեց։ Պուտինի մրցակիցների ֆոնին Պուտինն ավելի լավն էր երևում։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանում է որոշվել, թե այստեղ ով կընտրվի։ Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ չի ընտրվի, և հիմա փորձում են դա մեղմել, որ Սերժ Սարգսյանը կարողանա նորմալ տակից դուրս գալ»։
ՀՀԿ-ականների համար, ըստ հոգեբանի՝ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, որովհետև, եթե Սերժ Սարգսյանը չլինի, իրենք էլ չեն լինի։
«Ընդդիմությունը շատ թույլ է, չունի հզոր լիդերներ, ֆինանսներ»,- եզրափակեց հոգեբանը։