«Մեզ բացառիկ, պատմական շանս է տրված». Ալեքսանդր Մանասյան
Տարածաշրջանում ստեղծված գլոբալ ռազմաքաղաքական հավասակշռությունը երաշխիք է, որ մեծ պատերազմ Ադրբեջանը չի կարող սկսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Նրա խոսքով՝ արդեն հարյուր տարի է, ինչ Ադրբեջանն ապարդյուն փորձեր է անում՝ ծնկի բերել Արցախը. «Հարյուրամյակին պետք է անցած ճանապարհի խորքային իմաստավորում կատարել, ինչը, իմ կարծիքով՝ դեռևս այնպես չի արվում, ինչպես պահանջում է խնդիրը»։
Ինչ վերաբերում է սահմանային լարվածություններին, նա ասաց, որ նախընտրական շրջանում Ադրբեջանը չի գնա բաց առճակատման. «Պատերազմ նա չի հայտարարի, քանի որ, եթե մի անգամ էլ ստանա ավելի հզոր պատասխան, դա իր համար խայտառակություն կլինի»։
Անդրադառնալով Ադրբեջանի զորավարժություններին՝ քաղաքագետը հետևյալն ասաց. «Անում են՝ թող անեն։ Բոլորովին էլ արցախցիների վեջն էլ չէ, թե այնտեղ զորավարժություն է»։
Քաղաքագետը նկատեց՝ Հայաստանն աշխարհին պետք է մոտենա ոչ թե՝ «և-և» բանաձևով, այլ՝ պետք է ասի, որ քաղաքակրթությունների խաչմերուկ է, երկխոսության հարթակ. «Մենք անընդհատ ասում ենք՝ «և-և», սակայն ռուս քաղաքագետները նշում են, որ երկու աթոռին նստել հնարավոր չէ: Մեզ բացառիկ, պատմական շանս է տրված՝ քաղաքակրթությունների երկխոսության հարթակ դառնալու իմաստով, ինչը խանդ չի առաջացնի»: