«Գետանցի ժամանակ ձիերը չեն փոխում». Ալեքսանդր Մանասյան

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հասարակական ընդվզման հնարավորություն չի տեսնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և խոսելով, ընդհանրապես, պայքարի անհրաժեշտության մասին, նա ասաց, որ իր երկրի համար չպայքարող քաղաքացիական հասարկությունը քաղաքացիական հասարակություն չէ:

«Խնդիրը հետևյալն է՝ պայքար էլ կա, պայքար էլ: Սակայն, կայունացման կարիք ունեցող պետության պարագայում պայքարը ցանկալի չէ, ես դա ընդհանուր եմ ասում: Գետանցի ժամանակ ձիերը չեն փոխում: Ինչ վերաբերում է մեզ, մենք ունենք ներքին զարգացումների ուղեգիծ, ընթացք, որտեղ շատ բան կախված չէ լինելու անհատներից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ  մեր երկրի տնտեսական համակարգը բնութագրող մեխանիզմները նախ պետք է պարզել, քանի որ, ըստ քաղաքագետի՝ խնդիրն այդտեղ է, ոչ թե անհատի մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշած սերնդափոխության անհրաժեշտությանը, նա ասաց, որ սերնդափոխությունն անխուսափելի է:

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ մեզ մոտ գետանցի ժամանակ ձիերը չփոխելու իրավիճա՞կն է, Ալեքսանդր Մանասյան այսպես պատասխանեց. «Միշտ կարելի է ներկայացնել իրադրությունը որպես գետանցում, քանի որ հասարակությունն անընդհատ զարգանում է, միջազգային իրադրությունը փոխվում է, նոր խնդիրներ են առաջանում: Այստեղ քաղաքական իշխանության խնդիրը հետևյալն է, թե արդյոք քաղաքական վերնախավը պատրաստ է կադրային լուրջ փոփոխություններ կատարել՝ անցումն ապահովելու համար, թե ոչ, իսկ դա ինձ ուղղված հարց չէ: Վերնախավը պետք է որոշի, դա նրանց պատասխանատվության խնդիրն է, ընդունել այս կամ այն որոշումը»։

Տեսանյութեր

Լրահոս