Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն այցելել է Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններ

Այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 20-ին մեկնարկած այցի նպատակն է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատությունների հետ 2017թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական ոլորտում իրականացված բարեփոխումները: Զեկույցներում շեշտադրվել են ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթների իրականացման հարցեր:

Մարտի 21-ից 23-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Մասնավորապես` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում և ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացվել են խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները:

ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արևմտյան ռազմարվեստի հիմունքները. արևմտյան և խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները ներկայացրել են 2017թ.-ին համալսարանի կողմից իրականացված հիմնական աշխատանքները, մասնավորապես` 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաև ՊԱՀՀ-ի կողմից մշակված միջգերատեսչական ձևաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: ՆԱՏՕ-ի փորձագետները ՊԱՀՀ-ի անձնակազմին են ներկայացրել «Ռազմավարական առաջնորդների կրթություն միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսություն:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը ճանաչողական այցով եղել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս