NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը
1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:
Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր․ ցավոք մեր երկրում ջրային տարածքների աղտոտումը բնապահպանական լուրջ խնդիր է: Հայաստանի գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և դրանց աղտոտումը ներքին աղբով, կոյուղաջրերով և հանքարդյունաբերության թափոններով:
Մարտի 22-ի՝ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU) մեկնարկում է ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը:
Արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ:
NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կաշխատեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց:
Նախաձեռնությանը մասնակցելու և կամավոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և ուղարկել Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU) ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ. փոստին:
Դիմումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:
Միջոցառման շրջանակում կարող եք նաև մասնակցել «Կամավորների լավագույն լուսանկար» մրցույթին: Մասնակցելու համար պետք է լուսանկարել կամավորներին աշխատանքների ընթացքում, որից հետո այդ լուսանկարը պետք է տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով հետևյալ հաշթագները՝ #MAQURAP #MAQURAXPYUR #NABUARMENIA։ Յուրաքանչյուր ամիս NABU-ն ընտրելու է հաղթողներին և պարգևատրելու է նրանց: