Արդարադատության նախարարությունը հերքում է. նախարար Հարությունյանի պատասխանը վերաբերել է այլ հարցի
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել «Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածների առնչությամբ:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
Կայքի և թերթի հրապարակումներում լրագրողի հարցը և ՀՀ արդարադատության նախարարի պատասխանը շարադրված են հետևյալ կերպ. «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»:
Մինչդեռ, հարցազրույցի ձայնագրությունում լրագրողի հարցը վերաբերել է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գերմանիայի մոդելով փոփոխելուն. «Պարոն նախարար, ասում են՝ Գերմանիայի մոդելով են Սահմանադրությունը փոփոխել», ինչին ի պատասխան է եղել ՀՀ արդարադատության նախարարի «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում» պատասխանը:
ՀՀ արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ ձևակերպումներն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջել է «Armtimes.com» կայքում և «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակել վերը նշված հոդվածների հերքումը»: