
Կան դեպքեր, երբ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում կրթական ծրագրերը ոչ լիարժեք են իրականացվում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ է տեսնում: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկմանը, մարդու իրավունքների պաշտպանը կարեւորեց փոխադրամիջոցների մատչելիության ապահովումը: «Կրթության իրավունքի հետ կապված պետք է լիարժեք պահանջներ լինեն: Պետք է հարմարեցված լինեն շենքային պայմանները, կրթական ծրագրերը»,- ասաց նա:
Թաթոյանի խոսքով` այսօրվա դրությամբ միայն Ամերիկյան համալսարանն է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց: «Ֆիզիկական մատչելիության հետ կապված չպետք է բավարարվենք միայն թեքահարթակներով: Իրականում կարեւոր է հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները»,-նշեց Թաթոյանը:
Խոսելով ոլորտում առկա խնդիրներից, Մարդո ւ իրավունքների պաշտպանն ասաց, որ կան դեպքեր, երբ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում կրթական ծրագրերը ոչ լիարժեք են իրականացվում: «Կարեւոր է կոտրել կարծրատիպերը: Անելիքներ կան նաեւ հաշմանդամության խմբերի սահմանման հետ կապված»,-հավելեց նա:
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 200.000 մարդ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով իրականացնեն իրենց բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկումը նախաձեռնել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան: