«ԵԱՏՄ անդամ այլ պետությունների կողմից ԵՄ-ի հետ Հայաստանի փորձը կիրառելու հետաքրքրություն կա». Շավարշ Քոչարյան

Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը խոչընդոտ չէ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում: Նման տեսակետ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նույն ԵՄ-ն կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին ԵԱՏՄ անդամ պետությունն է, որ այդպիսի խորը համագործակցության է գնում ԵՄ-ի հետ, բնականաբար, պահպանելով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն միավորումներում»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների կողմից հետաքրքրություն կա Հայաստանի փորձը կիրառելու, նույնիսկ այդ փորձն ուսումնասիրել են:

Շ.Քոչարյանի խոսքով` ԵՄ պետությունների կողմից համաձայնագրի վավերացումից հետո պետք է ծանուցեն, իսկ ծանուցելուց հետո կա հնարավորություն, որ այդ համաձայնագրի որոշակի հատվածներ սկսեն գործել.

«Դա բխում է պայմանագրից, նաև, որ այդ ընթացակարգերը ԵՄ-ն ավարտել է և մեզ ծանուցել է: Այսինքն` դրանից հետո կստանանք հաստատում, և առաջին դրույթները կսկսեն գործել: Ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այն պահից, երբ վերջին պետությունը ծանուցի, որ ավարտել է: Առաջինն Էստոնիան է վավերացրել, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից, բայց դա միայն հայտարարություն է, որովհետև ինքը ճշտում էր, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները՝ կապված անվտանգության ոլորտի հետ:

Այսինքն` դա խոսում է այն մասին, որ անդամ պետությունները, մասնավորապես` օրինակ, Գերմանիան, ուշադիր նայում են համաձայնագիրը: Շատերի հետ մենք կապի մեջ ենք, և շատերը խոսում են այն մասին, որ գործընթացը սկսվել է: Քանի որ ժամանակատար է բոլորի կողմից վավերացումը և ուժի մեջ մտնելը, համաձայնագիրը նախատեսել էր հնարավորություն զգալի հատվածի ժամանակավոր կիրառման, որը ենթադրում է, որ մենք պետք է վավերացնենք, որովհետև մեր օրենսդրությունում ժամանակավոր կիրառում չկա, որից հետո կսկսի գործել այդ հատվածը, ոչ ամբողջությամբ»:

Թե ե՞րբ կավարտվի համաձայնագրի վավերացման գործընթացը, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ այդքան էլ կոռեկտ չէ ժամկետ նշել, երբ խոսքը վերաբերում է այլ միջազգային սուբյեկտի. «Եվրոպական գործընկերների հետ հանդիպումներում հորդորում ենք, որ արագ լինի, և իրենք հավաստում են, որ ամեն ինչ կանեն, որ արագ լինի»:

Շ.Քոչարյանն անհավանական է համարում, որ Հունգարիան, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, կամ այլ պետություն փորձի ձգձգել վավերացումը, քանի որ դա կարող էին անել նախքան դրա ստորագրումը:

Տեսանյութեր

Լրահոս