«ԵՄ պետությունները շահագրգիռ են, որ վիզաների ազատականացումը չբերի չարաշահումների, այսինքն` մեկնողը վերադառնա»
«Վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է, մենք ունենք տարբեր երկրների ցանկ: Կան երկրներ, որոնք ընդհանրապես առանց վիզայի են, կան երկրներ, որ ավելի դյուրին է գործընթացը, այսինքն` կարող են գալ, տեղում ստանալ, կան երկրներ, որտեղ պահանջվում է կա՛մ հրավեր, կա՛մ դեսպանատանը ստանան, հետո նոր այցելեն Հայաստան: Մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով մուտքի վիզաների խնդրին:
Ըստ նրա` կառավարության որոշմամբ այդ ցուցակներում տեղի են ունենում փոփոխություններ, այսինքն` այն երկրները, որ մինչ այդ բարդեցված համակարգում էին, ավելի պարզեցվում են:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին` Շ.Քոչարյանը նշեց, որ այդ խնդիրը փոխկապակցված է համաձայնագրի մնացած բոլոր հատվածների հետ. «Իհարկե, ժամանակավոր կիրարկումն ավելի դյուրին կդարձնի բանակցությունները, որ վարվում են վիզաների ազատականացման հարցում: Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով և ռեադմիսիայի մասին համաձայնագրերով, որովհետև մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ԵՄ-ն անհանգստացած է այն խնդիրներով, որ ինքն ունի` կապված անօրինական միգրանտների հետ, և այլն, դրա համար այդ հարցերին ավելի նրբանկատ է»:
Փոխնախարարի խոսքով` պետք է աշխատեն յուրաքանչյուր երկրի հետ, քանի որ Եվրոպայում միգրանտների հոսքերի հետ կապված բարդ իրավիճակ է, և ավելի զգուշավոր են ԵՄ պետությունները. «Բայց դա մենք խոչընդոտ չենք համարում և աշխատում ենք այդ ուղղությամբ: ԵՄ պետությունները շահագրգիռ են, որ այդ ազատականացումը չբերի չարաշահումների, այսինքն` մեկնողը վերադառնա»: