Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, որ համաձայնագիրն ուժի եջ կմտնի այն ժամանակ, երբ վերջին պետությունը կավարտի վավերացման ներպետական գործընթացները:

«Ներկա փուլում ներպետական գործընթացներն ավարտել և  ծանուցել է դեռևս միայն Էստոնիան»,- ասաց Շ.Քոչարյանը` հավելելով, որ ծանուցում է ստացվել ԵՄ-ի կողմից, որ համաձայնագրի ժամանակավոր դրույթների կիրառման համար իրենք ավարտել են ներքին գործընթացները, սակայն այդ առանձին դրույթները կարելի կլինի կիրառել, երբ Հայաստանն ավարտի գործընթացներն ու ծանուցի:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ խոսել էին վիզաների խնդրի մասին, թե որ երկրների հետ ունենք առանց վիզայի մուտք ու ելք, կամ պարզեցված կարգ:

«Դուք նախապատրաստե՞լ եք այն երկրների ցանկը, որ նախատեսվում են այս տարի»,- հետաքրքրվեց վարչապետը Շ.Քոչարյանից և անմիջապես դիմեց

նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` հարցնելով, թե դիմե՞լ է արդյոք ԱԳՆ-ին` ո՞ր երկրների հետ են ուզում առանց վիզայի աշխատել:

«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ, և ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- պատասխանեց Զեյթունցյանը, իսկ Շավարշ Քոչարյանը հաստատեց գործընկերուհու խոսքը:

«Ես Ձեզ հետո կասեմ մի քանի երկրներ, որոնց հետ ռեժիմը փոխելը որևէ վտանգ չի պարունակում, բայց ուշացնում ենք»,- փոխնախարարին ասաց Կ.Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս