«Ատամնաբուժության ոլորտում ինչ-որ մրրիկներ են տեղի ունենում». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիներից իր ստացած նամակներից ու մամուլի հրապարակումներից այնպիսի տպավորություն ունի, որ ատամնաբուժության ոլորտում ինչ-որ մրրիկներ են տեղի ունենում: Ըստ նրա` պետպատվերի ծառայությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիներին ծառայություն չի մատուցվում, քանի որ պայմանագրերը կնքված չեն, նաև ատամնաբուժարանները բողոքում են առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալուց, որովհետև դա տարեկան 2 մլն դրամի հավելյալ ծախս է բերելու:
«Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ»,- հարցրեց Ն.Փաշինյանը` նկատելով, որ ծառայության թանկացման հետևանքով կստեղծվի ստենդավորման հետ կապված նույն իրավիճակը, երբ քաղաքացիները գերադասում են սրտի ստենդավորում անել Վրաստանում:
«Ինչքան էլ վախենալու չթվա 2 մլն թիվը, այն չի կարող գերազանցել շրջանառության 1.5%-ը, և այս պայմանավորվածությունը ձեռք է բերված օպերատորի հետ: Բանակցությունները դեռ ավարտված չեն, և դժվար է ասել այդ թվերի ճշգրտության մասին»,- պատասխանեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ըստ նախարարի` ատամնաբույժ աշխատելու համար պետք է ունենան նվազագույն սանիտարական պայմաններ, անհրաժեշտ սարքավորումներ, համակարգիչ և վերահսկողության նպատակով օգտագործվող նյութերը:
«Պատմականորեն ատամնաբույժների հետ պայմանագրերը կնքվել են մարտի 15-ից ոչ շուտ, այս տարի կնքվելու են մի շաբաթ ուշ, և արդեն գործընթացը սկսվել է»,- տեղեկացրեց Լ.Ալթունյանը: