«Հայաստանում երջանիկ լինելու համար պետք է շատ լավ զարգացած երևակայություն ունենալ». Հրանտ Վարդանյան
ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է՝ որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ.- ին: Մարտի 20-ը Երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից: Հայաստանն աշխարհի 151 երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է:
Երջանկության միջազգային օրվա առիթով և երջանկության մասին 168.am զրուցել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի և դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:
Մեզ հետ զրույցում Հրանտ Վարդանյանը նշում է՝ շատ երջանիկ է, որովհետև նախօրեին նշել է զավակի ծննդյան տարեդարձը, իսկ առհասարակ, Հայաստանում երջանիկ լինելու համար պետք է շատ լավ զարգացած երևակայություն ունենալ. «Հայաստանը աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկն է, ուղղակի այստեղ ապրող մարդիկ չեն հասկանում, որ իրենք Հայաստանում շատ երջանիկ են: Մենք պետք է երջանիկ լինենք, օրինակ, նրա համար, որ Ժիրայր Սէֆիլյանին ոչ թե գնդակահարության հոդվածով են դատել, այլ ընդամենն ինչ-որ 10 ու կես տարով: Եվ ընդհանրապես, Հայաստանում ինչքան քաղբանտարկյալ կա, բոլորին պետք է գնդակահարել: Ազատության հրապարակում տոնածառ դնել ցանկացող Գևորգ Սաֆարյանին էլ պետք գնդակահարել, որ ուզում էր մեր ուրախությունը խանգարել և տոնածառ դնել:
Շանթ Հարությունյանի դատավճիռն էլ արդարացի չի եղել, միանգամից ասեմ՝ փայտի ձողով հեղափոխության փորձ անելու համար նրան էլ անպայման գնդակահարել, թե չէ տասը տարին ինչա՞ մեկի համար, ով փայտերով զինված եկել էր մեր երջանկությունը մեր ձեռքից առնելու:
Բոլշևիկյան հասարակարգում մարդկանց չեն դատում, միանգամից գնդակահարում են: Ո՞նց կարող ենք մենք երջանիկ չլինել, երբ Պուտինին երեկ հայ ժողովուրդը Հայաստանում նախագահ ընտրեց: Մի՞թե Ռուսաստանի դեսպանատան դիմաց գոյացած ընտրողների հերթը երջանկության ցուցանիշ չէ: Մենք ամենաքիչը պետք է երջանկությունից բղավենք, որ ամբողջ աշխարհի չեկիստական գործակալական ցանցը դուրս եկավ ընտրությունների, երջանիկ չե՞նք, որ բոլորին Երևանում ճանաչեցինք, իհա՛րկե երջանիկ ենք: Մենք ամենաերջանիկ երկիրն ենք, որտեղ մեր երեխաներին սպանող թշնամի երկրին զենք վաճառող պետությանը համարում ենք մեր եղբայր-բարեկամը:
Եվ ընդհանրապես, որպեսզի մենք մեզ ավելի երջանիկ զգանք, քան այսօր է, ես առաջարկում եմ հարցը հետևյալ կերպ դնել՝ ժէկ-ի ուշացած թուղթ տրամադրող աշխատակցին՝ գնդակահարել, խախտում կատարած վարորդին պետք չէ տուգանել, այլ միայն՝ գնդակահարել, ով կոմունալ վճարներն ուշացնում է, պետք է գնդակահարել, այսպես է պետք անել, որ հասկանանք՝ իսկական երջանկությունը որն է:
Մեր երջանկությանը դեռ ողջ աշխարհն է նախանձելու: Էդ հզոր գերտերությունները մեր երջանկությանը նախանձելով են խոչընդոտում մեր երկրի զարգացմանը, բայց մենք համառորեն, ի հեճուկս բոլորի, պետք է երջանիկ լինենք, դեռ ավելի ու ավելի երջանիկ ենք լինելու, հլը ո՜ւր ես…»:
Երջանկության զգացողությունը, ըստ դերասան Սերգեյ Դանիելյանի՝ արտաքին որևէ հանգամանքով պայմանավորված չէ՝ ո՛չ գումարով, ո՛չ երկրի վիճակով՝ եթե մարդու ուղեղն առողջ է, ինքն էլ՝ ֆունկցիոնալ, ուրեմն երջանիկ մարդ է, ասում է դերասանն ու հավելում. «Ես ինձ երջանիկ եմ համարում, դա ներքին զգացողություն է, երբ մարդն իրեն կամ երջանիկ է համարում կամ ոչ:
Սա վերաբերմունք է կյանքի նկատմամբ: Եթե հայերն իրենց երջանիկ չեն համարում, ես հակված եմ դա կապել գենետիկորեն եկած հոգեբանական խնդիրների հետ, որը կամաց-կամաց, երևի մի քանի դար հետո կլուծվի: Մենք դարեր շարունակ սթրեսներ ապրած ժողովուրդ ենք, հավանաբար հենց այդ պատճառով է, որ մենք մեզ երջանիկ չենք զգում, բայց հարցն անհատապես ընկալելու պարագայում պետք է ասեմ, որ ես անձամբ իմ շուրջն ապրող շատ ու շատ երջանիկ մարդիկ գիտեմ»: