«Պարոն նախագահը երեկ ասաց, որ այսօր էլ նման հավակնություն չունի». Շարմազանով
ՀՀԿ-ն առաջադրելու է այն գործչին, որը կարող է լավագույնս իրականացնել վարչապետին տրված լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին:
«Պարոն նախագահը երեկ ասաց, որ այսօր էլ նման հավակնություն չունի, բայց կրկնում եմ` պետական գործիչները սովորական քաղաքական գործիչներից տարբերվում են նրանով, որ իրենք առաջնորդվում են ոչ թե անձնական հավակնություններով, այլ, եթե պետության շահը պահանջում է, պետք է առաջնորդվեն պետական շահի գերակայությամբ: Կապրենք` կտեսնենք»,- ասաց Է. Շարմազանովը:
Ըստ նրա` Կարեն Կարապետյանը շարունակելու է լինել ՀՀԿ-ում:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» պայքարին` ուղղված Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելուն, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ժողովրդի պահանջը ձևակերպվում է ընտրությունների ժամանակ, և ժողովուրդը ցույց է տվել ապրիլի 2-ին, թե ում է վստահում: