«Ազատ ստեղծագործողների միության կարիքը, այնուամենայնիվ, դեռ լինելու է». Արսեն Կարապետյանը՝ նախկին Ճարտարապետների միության մասին
Այսօր Ճարտարապետների միությունը հրավիրել էր վերջին՝ 19-րդ համագումարը, որով կավարտվի նաև միության պատմությունը: Այսուհետ Ճարտարապետների միությունը վերակազմավորվում է մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող ՀՀ Ճարտարապետների պալատի, որի գործունեության հիմնական նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ճարտարապետության և ճարտարապետների դերի հաստատումը՝ ուղղված հանրապետության քաղաքաշինության և ճարտարապետական հիմնահարցերի լուծմանը:
168.am-ը զրուցել է համագումարին ներկա ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ, լսել նաև նրա կարծիքն այն մասին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Ճարտարապետների նախկին միության հիմքով վերակազմավորված Ճարտարապետների պալատի գործունեությունից, կամ ո՞րն է դրա անհրաժեշտությունը:
Արսեն Կարապետյանի համար շատ կարևոր է ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրման հարցը. «Այսօր գործող լիցենզավորման հարցն ընդհանրապես ընդունելի չէ, և անձամբ ինձ համար նույնիսկ քննարկման առարկա էլ չէ: Այնուամենայնիվ, այս պահին դեռ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կդառնա այս նոր կառույցը՝ Ճարտարապետների պալատը, և գտնում եմ, որ ազատ ստեղծագործողների միության կարիքը, այնուամենայնիվ, դեռ լինելու է»:
Մեզ հետ զրույցում Արսեն Կարապետյանը նշեց՝ ինքն անդամակցում էր արդեն նախկին Ճարտարապետների միությանը, բայց այդ անդամակցությունն առանձնապես որևէ դեր չի խաղացել իր ստեղծագործական կամ մասնագիտական կյանքում: Կանդամակցի՞ ինքն արդյոք նոր ստեղծված Ճարտարապետների պալատին՝ հարցին, Արսեն Կարապետյանը պատասխանեց, որ նման ցանկություն կա, նորաստեղծ կառույցի հարցում ինքը շարունակում է մնալ լավատես, թեև որաշակի վերապահումներ կան, որոնց մասին մանրամասն խոսելը, ըստ նրա՝ դեռևս վաղ է: