Բաժիններ՝

Հայաստանի Ճարտարապետների միությունն այլևս չի լինի

Այսօր Ճարտարապետների միությունը հրավիրել է պատմական նշանակության՝ 19-րդ համագումարը, որով կավարտվի նաև միության պատմությունը: Ճարտարապետների միությունը վերակազմավորվում է ՀՀ Ճարտարապետների պալատի, որը մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են «Ճարտարապետների գործունեության մասին» ՀՀ օրենքով:

Պատմական վերջին համագումարին ներկա էին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, միության ղեկավար կազմն ու անդամները: Բացի նոր՝ Հայաստանի ճարտարապետների պալատի կանոնադրությունը հաստատելուց, այսօրվա համագումարում նախատեսվում է ընտրել պալատի նոր Նախագահ, ինչպես նաև ղեկավար կազմ:

Արդեն նախկին՝ Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս ծագեց անհրաժեշտությունը՝ վերամիավորելու նախկին միությունը նոր՝ Ճարտարապետների պալատի կազմում, ասաց.

«Վերակազմավորելու հարցը քննարկվում էր դեռ շատ վաղուց՝ 1995 թվականից, որովհետև հասարակական այն կազմակերպությունը, որ ուներ Խորհրդային Միությունը, պահվում էր այդ միության կենտրոնացված գումարների հաշվին: Նախկին Խորհրդային Միությունից մնացած մյուս բոլոր միություններն էլ հասկանում են, որ պետք է անցնել նոր կառավարման համակարգի՝ ստեղծելով սեփական կանոնադրությունը: Ինչպես աշխարհի մնացյալ բոլոր երկրներում է, կլինի Ֆրանսիան, Անգլիան թե ԱՄՆ-ը, նման կառույցները վաղուց արդեն ինքնակազմակերպված միավորումներ են, որոնք կարողանում են իրենք իրենցով վաստակել սեփական գումարները, ինչպես նաև լուծել լիցենզիաների հարցը, օգնելով պետությանը»:

Անդրադառնալով առաջիկա ընտրության թեմային, որտեղ Մկրտիչ Մինասյանը պատրաստվում է առաջադրվել որպես նոր՝ ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ, նա նշեց. «Այս պալատը, ըստ էության, ստեղծվում է երիտասարդների համար, մենք չենք հասցնելու վայելել դրա արդյունքները: Ես պարզապես կցանկանամ ավարտին հասցնել արդեն սկսածս աշխատանքը, որովհետև մենք մեծ ջանքերի գնով և մեծ դժվարությամբ հասել ենք ինչ-որ մի կետի, և հույս ունեմ՝ մեզ կհաջողվի անել այն, ինչ ի սկզբանե մտածում էինք՝ այս պալատը հիմնելով»:

Տեղեկացնենք, որ արդեն մի քանի ժամից պարզ կդառնա ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունների արդյունքները:

Առաջադրված չորս թեկնածուներից երեքն ինքնաբացարկ հայտարարեցին, որի արդյունքում նոր պալատի նախագահի միակ թեկնածուն մնաց Ճարտարապետների արդեն նախկին միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս