«ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերի մեջ լինելու է սցենար, որտեղ պետք է մեզ խաղացնեն. մենք պետք է խելոք և ճկուն լինենք». Թևան Պողոսյան

«Մեծ երկրները միշտ իրենց շահերով են առաջնորդվում․ բնականաբար, ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերի մեջ լինելու է սցենար, որտեղ պետք է մեզ խաղացնեն։ Այստեղ գալու է արդեն մեր խելոքությունը, որ այն սցենարների մեջ լինենք, այնպես բանակցությունները վարենք, որ՝ եկեք այդ սցենարները կյանքի մի կոչեք, մի դրեք մեզ ընտրության առջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

Նա նկատեց՝ եթե Հայաստանը խելոք ու ճկուն լինի, կկարողանա խուսափել անցանկալի սցենարներից, հակառակ դեպքում՝ կընկնի այդ սցենարների տակ.

«Մեծերը երբ իրար հարվածում են, հարվածային ալիքներն այնքան ուժեղ են, որ, եթե փոքրերը ոչինչ էլ չանեն, նրանց այդ հարվածները դիպչում են։ Վերջում մեծերը հաշտվում են, որովհետև շահերը համընկնում են, բայց դու արդեն տուժել ես։ Մենք պետք է դա հասկանանք․ պատմության դասերը մեզ բավարար են, որ չընկնենք դրա տակ։ Այդ առճակատումների մեջ և՛ ԱՄՆ-ը և Ռուսաստանն են իրար հետ լեզու գտնելու, և՛ Անգլիան ու Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն ու Ռուսաստանը, մենք ենք վերջում մնալու այն բանի մեջ, որ՝ ինչո՞ւ սրա կամ նրա կողմը բռնեցինք»։

Պողոսյանը հավելեց. «Աշխարհին հիմա բացատրում ես, որ Հայաստանն ունի իր շահերը Սիրիայում, ունենք համայնք, և այնտեղ պետք է նման վարքագծով քվեարկենք, բայց երբ առիթ է լինում, ասում են՝ Հայաստանը հետևեց միայն Ռուսաստանին»։

Տեսանյութեր

Լրահոս