Բաժիններ՝

«ԱԳԼՃԿ-ի աշխատակիցը պետք է վարորդից պահանջի վկայագիր. վկայագրի բացակայության դեպքում տուգանք է նախատեսվում»

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ 2017թ․ ընթացքում ստուգումներ են իրականացրել 38 գազալցակայանում. «100 տոկոս տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է ճնշման խնդիր, իսկ 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում 23 տնտեսվարողի մոտ է նման ստուգում իրականացվել, և բոլորի մոտ նորից 100 տոկոսով հայտնաբերվել է ճնշման խնդիր։

Հայաստանում 20 տարուց ավելի է, որ ավտոմեքենաներն օգտվում են գազից, և գնալով մաշվածություն է առաջանում գազաբալոնների, ոչ համապատասխան գազաբալոններ են տեղադրվում։ Գազաբալոնները վկայագրում չեն անցնում, նոր նախաձեռնությամբ դա պարտադիր կդառնա։ Բալոնը տեղադրվում է ոչ համապատասխան մասնագետի կողմից, ինչը ևս օրենքով կարգելվի»։

Անդրադառնալով «Ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման և գազալցակայաններում գազի լիցքավորման մասին» նոր օրենսդրական նախաձեռնությանը, Ավետիսյանն ասաց, որ այն առաջարկում է լուծման երկու տարբերակ. «Առաջին՝ գազալցակայաններում պետք է տեղադրվեն ճնշման կարգավորիչներ, որոնք միացված են լինելու սերվերին․ 200 խմ-ից ճնշման բարձր լինելու դեպքում սերվերին ազդանշան է գալու, և համապատասխան աշխատակիցը անմիջապես այցելելու է տնտեսվարողին, որի արդյունքում, եթե խնդիրը տեխնիկական չէ, այլ կապված է մարդկային գործոնի հետ, կամ վերացվելու է խնդիրը, կամ վարչական վարույթ է իրականացվելու։

Գազաբալոնների դեպքում պետք է համապատասխան կազմակերպության կողմից տեղադրվի գազաբալոնը, որի հետ տրամադրվի վկայական, որտեղ նշված կլինի տրման ամսաթիվը և հաջորդ փորձարկման ամսաթիվը։ Վկայագրումը ենթադրում է նախ ներքին և արտաքին տեսազննում, ճնշափորձարկում, ծավալի և չափերի ստուգում»։

Նրա խոսքով՝ ԱԳԼՃԿ-ի աշխատակիցը պետք է վարորդից պահանջի վկայագիր, հակառակ դեպքում պետք է չլիցքավորի. «Վկայագրի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում՝ նվազագույն աշխատավարձի մոտ հազարապատիկի չափով։ Երկրորդ, երրորդ անգամ՝ արդեն 3000-ապատիկի չափով։ Բոլոր տեղադրված գազաբալոնները պետք է անցնեն ստուգում, ստանան վկայագիր։ Մարդկանց ժամանակ է տրվելու, որպեսզի կարողանան վկայագրեն, հակառակ դեպքում՝ չի լիցքավորվելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս