«Նրանց, ում մենք անվանում ենք «օրենքով գողեր», Եվրոպայում անվանում են «մաֆիոզներ»». Գեորգի Կոյավա
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացավ Թբիլիսի-Երևան տեսակամուրջ՝ նվիրված Վրաստանում «գողական աշխարհի» դեմ պայքարի ներկա իրավիճակին:
Վրացական կողմից ասուլիս բանախոսներ, ք.գ.դ., ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայանը և իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավան խոսեցին այն մասին, թե ինչպե՞ս են Վրաստանում պայքարում «օրենքով գողերի» դեմ, և թե ի՞նչ ակնկալիքներ ունեն վրացական իշխանությունները «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացում նախատեսող Վրաստանի ներքին գործերի նախարարության նախաձեռնած 5 օրինագծերի փաթեթից:
Ասուլիսի բանախոս, ք.գ.դ., ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայանն ընդգծում է՝ հանցագործ աշխարհին անդամակցումը և «օրենքով գողի» կարգավիճակով հանդես գալը Վրաստանում 2005թ.-ից համարվում է քրեական հանցագործություն, որով հանցագործ աշխարհին անդամակցումը ենթակա էր 3-8 տարի ազատազրկման՝ տուգանքով կամ առանց դրա, իսկ «օրենքով գողերի» համար՝ 5-10 տարի՝ տուգանքով կամ առանց:
Սակայն 2006թ., օրենսդրությունը խստացվել է, որի արդյունքում այժմ հանցագործ աշխարհին անդամակցումը ենթակա է՝ 5-10, իսկ «օրենքով գող» լինելը՝ 7-10 տարվա ազատազրկման՝ տուգանքով կամ առանց դրա:
Գեորգի Կոյավան նշում է. «Օրենքով գողերի» ինստիտուտն այսօր չէ, որ հայտնվել է։ Այն գոյություն է ունեցել դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից: Սա հանցագործ աշխարհի էլիտան է, այն, ինչ Եվրոպայում անվանում են մաֆիա։ Հայտնի փաստ է, որ օրենքով գողերն իրենք անձամբ չեն մասնակցում գողություններին, այլ ավելի շուտ ղեկավարում և զբաղվում են ռեկետով»:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում արդեն իսկ գրանցվել է «օրենքով գողերի» և հանցագործ աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ 5 օրինագիծ:
Մանրամասները՝ տեսանյութում