««Հյուսիս-Հարավ» ճանապարհը դարձել է փող աշխատելու միջոց». քաղաքագետ

«Գազատարի խնդիրը միայն խոսակցությունների մակարդակում է։ Իրանի ռեալ ցանկությունը, որ նա լուրջ գազատար կառուցի Հայաստանով դեպի Եվրոպա, ևս խոսակցություններ են։ Դա հիմնականում կախված է Իրանից և Եվրոպայից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հակադարձեց նրան՝ Իրանը քանիցս ասաց, որ Հայաստանը դա չի ուզում անել։ Ի պատասխան՝ Բոզոյանն ասաց, որ դա միֆ է. «Պոպուլիզմի գործոնը շատ մեծ է Հայաստանում։ Հայաստանը փոքր լինելով՝ չունի այն դերը, որ իրենից կախված լինի, ինքը մերժի կամ չմերժի։ Եթե Հայաստանը մերժի, Ադրբեջանը չի մերժելու, այդ դեպքում Ադրբեջանի տարածքով ինչո՞ւ չեն կառուցում դա։ Չկա նման բան։ Իրանը նոր է դուրս եկել պատժամիջոցների տակից և նոր է մտածում մոտ 200 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպա։ Մենք շատ ավելի փոքր ենք, քան մենք փորձում ենք ներկայացնել։ Ես չեմ ուզում արդարացնել ոչ ոքի, բայց եթե այդ հարցում մի փոքր շանս լիներ, Հայաստանը կօգտագործեր»։

Հրանուշ Խառատյանը, սակայն, նկատեց՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին իր իսկ տարածքում ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը. «Անորակ ճանապարհի վրա մեռցրել ենք 500 մլն դոլարից ավելի գումար։ Ինձ համար սա Դավոսի թուղթ է՝ տարածաշրջանային ինտեգրման մեր երկրի ստրատեգիայի»։

Բոզոյանն էլ նշեց, որ այդ ճանապարհը դարձել է փող աշխատելու միջոց, քանի որ, ըստ նրա՝ հասարակությունը չունի այդ գիտակցությունը, Հայաստանը վերնախավ չունի. «Մի հատ տես՝ քո վերնախավն ինչով է զբաղված․ իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը։ Մեր խնդիրների զգալի մասը դրանով է պայմանավորված»։

Տեսանյութեր

Լրահոս