«Եթե դա դարձավ գեոպոլիտիկ հակամարտության գոտի, մենք տանուլ կտանք Ղարաբաղը». քաղաքագետ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Արցախի հարցում նոր զարգացումներ են տեղի ունենում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին՝ ընդգծելով, որ դա կապում է նաև թուրքական ակտիվացումների հետ Սիրիայում.

«Ամերիկան ինչ-որ չափով ցուցադրում է իր հավասարակշիռ մոտեցումը տարածաշրջանում։ Չեմ կարծում, որ էական փոփոխություն լինելու է ՄԽ գործողություններում, որովհետև ԱՄՆ-ը կարևոր դերակատարներից մեկն է, բայց սա իր՝ իրավունքի պաշտպանի հիմնական դերակատարության ցուցադրման ձևերից մեկն է։ Ոչ մի էական բան չի փոխվում, բայց երկիրն ընդունում, լսում է, փորձում հասկանալ, իր օգնությունն առաջարկել։ Ես կարծում եմ, որ Արցախի հարցի վերաբերյալ որևէ փոփոխություն սա չի կարող ունենալ»։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ասաց, թե նման այցեր շատ են եղել. «Եղել են նաև այցեր, որ ավելի բարձր մակարդակով են ընդունվել, և դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Արևմուտքի փորձագիտական հանրությունն ընդունում է, որ միջազգային իրավունք հասկացությունը փլուզվել է, կա 19-րդ դարի գեոպոլիտիկ պայքար, որտեղ ոչ մի սկզբունք չկա։ Դրա համար հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է փայփայենք, որ Արցախի խնդիրը հանկարծ չդառնա գեոպոլիտիկ հակամարտության գոտի։ Եթե դա դարձավ գեոպոլիտիկ հակամարտության գոտի, մենք տանուլ կտանք Ղարաբաղը։ Դա մեր միակ ձեռքբերումն է, որը պետք է գնահատենք և փայփայենք»։

Քաղաքագետի խոսքով՝ ռուս-ամերիկյան աճող հակամարտությունը բավականին ծանր վիճակի մեջ է գցում Հայաստանին. «Փոքրացնում է մանևրելու հնարավորությունը, որը Հայաստանը միշտ ունեցել է։ Եթե մենք սխալ շեշտադրումներ անենք, կհայտնվենք այդ թակարդում, որից այլևս դուրս չենք գա»։

Տեսանյութեր

Լրահոս