«Չի բացառվում, որ «օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացված օրենսդրությունը հանգեցնի նրանց միգրացիային՝ դեպի Հայաստան». Գեորգի Կոյավա

«Օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացվող օրենսդրությունը կարող է հանգեցնել այդ երկրից օրենքով գողերի միգրացիայի՝ դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Թբիլիսի-Երևան տեսակամուրջի ընթացքում, որը նվիրված էր Վրաստանում «գողական աշխարհի» հետ պայքարի ներկա իրավիճակին, հայտարարեց իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավան:

Ազգությամբ վրացի օրենքով գողերի որոշ մասը, ինչպես նշեց Գեորգի Կոյավան, բնակվում են Հունաստանում, մի որոշ հատված՝ Թուրքիայում, և չի բացառվում, որ նրանց մի որոշակի զանգված տեղափոխվի նաև Հայաստան:

«Այս պահին Վրաստանում օրենքով գողերի ազատությունը սպառնալիքի տակ է ամեն րոպե: Նրանց Վրաստանում ձերբակալում են ոչ միայն՝ նրանց այս կամ այն արարքի համար, այլ հաճախ՝ նաև միայն ստատուսի համար, որ կրում են նրանք՝ որպես օրենքով գողեր»,- ասաց նա:

Վրաստանի Քրեական օրենսգիրքն արդեն իսկ սահմանել է 223-րդ հոդվածը, որ վերաբերում է, մասնավորապես, գողերի համայնքին անդամակցությանը և օրենքով գողերին: Այս հոդվածը ներկայացվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» գլխում, դեռևս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք: Հոդվածի առաջին մասով նախատեսվում է 5-8 տարի ազատազրկում, իսկ երկրորդ մասով՝ ազատազրկում 7-10 տարի ժամկետով: Հետևաբար՝ նրանց միգրացիան Վրաստանից դեպի Հայաստան կարող է տեղի ունենալ նաև այն պատճառով, որ Հայաստանում օրենքով գողերի նկատմամբ նախատեսված նմանօրինակ օրենսդրական պատժիչ միջոցները դեռևս չկան:

Տեսանյութեր

Լրահոս