Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում

Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը նամակ էին ուղարկել ՀՀ ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանին, և ՀՀ ԱԺ Կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին:

Այսօր Շիրակի պետական համալսարան էին ժամանել ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, հանձնաժողովի «Ծառուկյան» դաշինքի անդամ Իվետա Տոնոյանը, հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը և հանձնաժողովի այլ անդամներ, ովքեր Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկում անցկացրեցին:

Քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վարդան Բոստանջյանը նշեց, որ շիկացած մթնոլորտը բնորոշ և սազական չէ Շիրակի պետական համալսարանին:
«Այդուհանդերձ, պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններով, կարող են նման բաներ առաջանալ ոչ միայն՝ բուհում, այլև՝ ցանկացած պետական կամ մասնավոր կառույցում: Խնդրի լուծումը կայանում է նրանում, որ մենք ընդհանուր հայտարարի գանք: Մենք զրույց ունեցանք ղեկավարության հետ և եկանք այն եզրակացության, որ կարող ենք լուծումներ գտնել: Ներբուհական խնդիրներ կլինեն, թե կառավարման հետ կապված, դրանց վերաբերյալ ամրագրեցինք ուղիներ, համաձայն որի՝ պետք է կարողանանք ապահովել բուհի բնականոն աշխատանքը:

Ուսումնասիրություններ են կատարվել, արձանագրվել են խախտումներ, դրանք պետք է վերացնել, որոնք կապված են կանոնադրության, կառավարման, բուհական համակարգի, ուսուցման պրոցեսի, որակի բարձրացման հետ: Այդ բոլոր խնդիրների հանդեպ տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում և դրանք հաղթահարելի են»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Վեջինիս խոսքով՝ իրենք նաև հանդիպել են բողոքող դասախոսների հետ, ովքեր բարձր կրթական մակարդակ ունեն.

«Հնարավոր չէ իրենց հետ չհանդիպել, և այն բողոքները, որոնք ներկայացվել էին ԱԺ նախագահին և հանձնաժողովին, գրեթե բոլորը համապատասխանում էին իրականությանը, և լուծումներն առաջին հերթին այդ թերությունների վերացմանն են ուղղվելու»:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե դասախոսները դժգոհում են, որ իրենց բողոքին պատշաճ ուշադրություն չի դարձվում, ու Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հարցում վերևներից հովանավորչություն կա, Վ. Բոստանջյանը նշեց, որ դրանք մեր ժողովրդի մենթալիտետի հետ կապված խոսակցություններ են:

«Պարզ է, որ նման բան չի կարող լինել, կամ, եթե այդպիսի բան կա, ուրեմն վերևի մակարդակներն էլ որոշակի բացթողումներ կարող են ունենալ, ինչպես ամենատարբեր հարցերում: Խորիկյանի և Համբարյանի կողմից զգուշացումն ասում է այն մասին, որ մեր միջոցառումների շտկման ուղղությունները պայմանավորված են հենց իրենց ներկայացրած բողոքներով, մանսավորապես՝ կանոնադրության վերաբերյալ խախտումը, որը հաստատվում է կառավարության կողմից: Սակայն տեղի են ունեցել կանոնադրության փոփոխություններ, որոնք առանց հաստատվելու, միանգամից կիրառվել են, որն իրավական առումով չէր կարելի: Բայց այդ խախտումներն օղապարան չպետք է դարձնել:

Մասնավորապես, գիտական խորհուրդն անվստահություն հայտնելու իրավասություն չունի: Որքան ես հասկացա գրություններից և մեկնաբանություններից, ռեկտորը չեղյալ է հայտարարել անվստահության ինստիտուտը: Նշանակում է՝ սխալները, որոնք տեղի են ունեցել, միտումնավոր չեն եղել, այլ տվյալ իրավական հիմքին ծանոթ չլինելու արդյունքում են եղել: Կանոնադրական նպատակների կտրվածքով ՄՈԳ-երի համար կրթության որակը, կրթության ծրագրերի և ուսումնական պլանների մակարդակն է կարևոր: Այս հարցերն ավելի առաջնահերթ են, քան դահլիճը, բուֆետը»:

Ինչ վերաբերում է բուհի զեղչային համակարգին, ապա, ըստ Վ. Բոստանջյանի, բուհում զեղչային համակարգը խաթարված է, դա բուհի թերություններից մեկն է, որը պետք է բացառել:

«Մենք չենք կարող ասել՝ ռեկտորը կամայակա՞ն է արել, թե՞ ոչ կամայական, բայց տեղի է ունեցել խախտում: Որակումը թողեք մեր հետագա մոտեցումներին: Մենք պնդումներ ենք արել, որ սոցիալապես խոցելի խավերի, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանված զեղչային համակարգը պետք է գործի»: 

Ինչ վերաբերում է բուհի գրադարանին, ապա, ըստ Վ. Բոստանջյանի, անհրաժեշտ է հետևողական և լուրջ գնահատականից հետո նոր կարողանալ օտարել որոշակի գրքեր, որոնք կարող են այլևս բուհին պետք չգալ և ծանրաբեռնվածություն են գրադարանի համար, ինչը տեղի չի ունեցել:

Թե երբ է լինելու հանձնաժողովի կողմից վերջնական եզրակացությունը, Վ. Բոստանջյանը շեշտեց, որ մոտեցումների ողջ շարանը կներկայացվի ԱԺ խորհրդին.

«Մոտ օրերս Էթիկայի հանձնաժողովի ընդլայնված նիստ կլինի, որին կմասնակցի նաև հոգաբարձուների խորհրդի նախագահը, կրթության և գիտության նախարարը, նաև մենք, որի պարագայում հարցերին վերջնական լուծումներ կտանք»,- հավելեց նա:

Դասախոս Գագիկ Համբարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ ԱԺ Կրթության և գիտության հանձնաժողովն իրենց դիմում-բողոքների հիման վրա էր ժամանել ՇՊՀ, ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ԱԺ են հրավիրել՝ Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ հանդիպելու համար:

Հնարավոր է՝ հետագայում բողոքող դասախոսների կողմից բուհում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ փաթեթ ուղարկվի Ազգային ժողով:

«Հույս ունեմ, որ արդարությունը կհաղթանակի, քանի որ այն իրավիճակը, որը ստեղծվել է, մահացու է բուհի համար: Կոնկրետ մեր պահանջը բոլոր ապօրինությունների վերացումն է և դրանք կատարողներին պատժելը: Սա բուհ է, որը որևէ մեկի սեփականությունը չէ:

Պարոն Գրիգորյանը երբ թողեց ռեկտորի պաշտոնը՝ հայտարարեց, որ 500 մլն դրամ գումար է թողել բուհին: Մինչև հիմա ներկայիս բուհի ռեկտորը տվյալներ չի ներկայացնում՝ այդ գումարը կա՞, թե՞ չկա, կամ ո՞ր մասն է պահպանվել: Ինքը մինչև հիմա կեղծիքներով է զբաղված, փաստաթղթեր է կեղծում: Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները ժամը 18:00-ից հետո տուն են գնում, հաշվապահները մինչև երեկոյան ժամը 22:00-ից մինչև 23:00-ն այստեղ են գտնվում: Հարց եմ տալիս՝ ի՞նչ են անում հաշվապահները բուհում այդքան ժամանակ: Դա ցույց է տալիս, որ մարդիկ աշխատանքային ժամից հետո կեղծիքներով են զբաղված»,- ասում է Գ.Համբարյանը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս