«Սա քարշ գալու Սահմանադրություն է, այլ ոչ թե՝ զարգացման». Ավետիք Իշխանյան

«Միջնադարյան մտածողություն է, որ կա բարի միապետ, որն արդար է։ Իրականում, անկախ անձից, եթե նրա ձեռքը տալիս ես մեծ լիազորություն, դա դառնում է բռնապետություն։ Այսինքն՝ ամբողջ իմաստն այն է, թե կա մի բարի մարդ, որը չունի ազգակցական, կուսակցական և այլ հետաքրքրություններ և արդարորեն ամեն ինչ վերահսկում է իր ուժային կառույցների միջոցով։ Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ միայն իշխանության տարանջատումն է ապահովում, որ չլինեն կամայականություններ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իրավապահ մարմինների մասնագիտական հմտություններով հիացած չէ, բայց հավատացրեց, որ անգամ միջակ հմտություններ ունեցող ցանկացած քննիչ կարող էր բացահայտել Մարտի 1-ի դեպքերը.

«Բայց այդ մարմինը պետք է լիներ անկախ մարմին, իսկ եթե այդ մարմինը ենթարկվում է ցուցումների, ինչպես Ոստիկանությունը, որը կրակել էր, իսկ Ոստիկանությունը հիմնական հենարանն է, և եթե պայմանական ցուցում լիներ, որ պետք է հետաքննվի, և պատժվեն ինչ-որ մարդիկ, դա նշանակում էր, որ Ոստիկանությունն այն անօրինականությունները, որ արեց «Էլեկտրիկ-Երևանի» և հաջորդ տարվա ժամանակ, այլևս չէր անի, որովհետև կիմանար, որ կպատժվի»։

Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում կա իշխանության և պետական կառույցների ներկայացուցիչների սերտաճում. «Օրինակ՝ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազն էր, հիմա «Հանրապետական» խմբակցության անդամ է, այսինքն՝ թիմը նույնն է։ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ էր, հիմա խմբակցության անդամ է, այսինքն՝ նույն թիմն է։ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ից էր, հիմա գնաց ՍԴ։ Այսինքն՝ այս թիմի մեջ հույս ունենալ, որ պետական և դատաիրավական կառույցները պետք է անկախ գործեն, անիմաստ է։ Սլովակիայում երեկ հրաժարական տվեց ՆԳ նախարարը՝ լրագրողի սպանության նետ կապված։ Պառլամենտական կառավարման ձևը սա է, որ անկախ են պետական մարմինները»։

Իշխանյանը նկատեց՝ Սահմանադրությունն իշխանության ամրապնդման և ժողովրդի գոյատևման Սահմանադրություն է, քարշ գալու Սահմանադրություն է, այլ ոչ թե՝ զարգացման։

Տեսանյութեր

Լրահոս