Շարմազանովը հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության դրական տեղաշարժ է ակնկալում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում ամփոփել է Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գտնում ենք, որ հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար կան լուրջ նախադրյալներ: Թե վրացական կողմը, թե հայկական կողմը պատրաստ են զարգացնել այդ հարաբերությունները: Շատ կառուցողական ենք համարում Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, հանդիպումները հանրապետության նախագահի և վարչապետի հետ, լայն կազմով պատվիրակությունների հանդիպումները»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ հայ-վրացական հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժ է սպասվում միջխորհրդարանական համագործակցության ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ գարնանը իմ գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Վրաստան, իսկ աշնանը՝ Վրաստանի մեր գործընկերները կայցելեն Հայաստան»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի երկու երկրների պատգամավորները հաճախ հանդիպեն և քննարկեն բոլոր խնդիրները: Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև չկան հարցեր, որոնք անհնար է լուծել բանակցություններով: «Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը Վրաստանի հետ: Այն մեր բարեկամ երկիրն է, և մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը»,- եզրափակեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս