Լիոնի քաղաքապետը՝ Երևանի ավագանու նիստի միջադեպի մասին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի ունեցավ Լիոնի քաղաքապետի պատվիրակության այցը եզրափակող մամուլի ասուլիս, որին ներկա էին դեսպան Ջոնաթան Լաքոթը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի միջազգային կապերի գծով օգնական Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ Մաքս Վինսենթը:
Ասուլիսի ընթացքում Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն ի պատասխան հնչեցված հարցերի, անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից հոտած կոյուղաջուր էին բերել: Իշխող կուսակցության կողմից բռնության ենթարկված ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև դրա հետևանքներին առչվող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Երևանի քույր-քաղաքները, ինչպես նաև Երևանի հետ համագործակցող քաղաքների ներկայացուցիչները խզեն կապերը Երևանի քաղաքապետարանի հետ (ինչպես դեպքից հետո շրջաբերականներ էին տարածել մի շարք հասարակական կազմակերպություններ), Ժորժ Կեպենեկյանը պատասխանեց.
«Ես, իհարկե, ստացել եմ բողոք-նամակ, որը շրջանառության մեջ է դրվել՝ ուղղված Երևանի հետ քույր-քաղաքներին: Քույր-քաղաքների հետ որդեգրած ընդհանուր քաղաքականության համաձայն, պայմանավորվածություն կա չխառնվելու մյուս քաղաքի ներքին գործերին: Ես, որքան տեղյակ եմ, դեպքի առնչությամբ գործ է հարուցվել և հետաքննությունը ընթացքի մեջ է: Իսկ եթե իսկապես ին- որ հրեշավոր ու շատ արտասովոր բան տեղի ունեցած լիներ, ապա իմ և քաղաքապետի նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ, բնականաբար, այդ հարցը չէր շրջանցվի: Ամենավատն, իմ կարծիքով նմանօրինակ դեպքերում հարցի նման ձևով հանրայնացումն է, այլ կերպ ասած՝ «գովազդումը», որովհետև լինել բարեկամ, նշանակում է դեմ առ դեմ և բաց խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են այս կամ այն հարցերի շուրջ, այլ ոչ թե փորձել դրանց լուծում տալ ինչ-որ շրջաբերականների մակարդակով: Նման հարցերը պետք է լուծել դեմ առ դեմ նստած՝ քննարկելով»: