
«Հոգուս մեծ մեղք արած կլինեի, եթե չխոստովանեի, որ Արցախն իմ սրտում է». Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի ունեցավ Լիոնի քաղաքապետի պատվիրակության այցը եզրափակող մամուլի ասուլիս, որին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի միջազգային կապերի գծով օգնական Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ Մաքս Վինսենթը:
Ասուլիսի ընթացքում Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, ի պատասխան հնչեցված հարցին, անդրադառնալով Լիոնի և Արցախի միջև հնարավոր համագործակցությանը, մասնավորապես նշեց.
«Մեր այս այցելության նպատակը եղել է Երևան և Լիոն քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Լիոնի քաղաքապետը, իրեն ուղեկցող պատվիրակության հետ միասին, Հայստանի կամ Արցախի ներքին գործերով չի զբաղվում: Այս հարցին ես կպատասխանեմ ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ դա արեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Լաքոթը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությանը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքականության որդեգրած ուղղությունն է՝ չստեղծել այնպիսի իրավիճակներ, որոնք առիթ կհանդիսանան խաթարելու կամ վտանգելու արդեն իսկ գոյություն ունեցող իրավիճակը: Մինչդեռ, ձեզ խաբած ու հոգուս մեծ մեղք արած կլինեի, եթե չխոստովանեի, որ Արցախն իմ սրտում է: Իհարկե, մեր ժողովրդի այդ մասին օգնելու համար գոյություն ունեն այլ միջոցներ: Նորից եմ կրկնում՝ այսօր ես այստեղ եմ բոլորովին այլ առաքելությամբ, ինչի մասին արդեն ասացի»: