«Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնաս է բերում ԼՂ հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով լուծմանը». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի ունեցավ Լիոնի քաղաքապետի պատվիրակության այցը եզրափակող մամուլի ասուլիս։ Ասուլիսին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի միջազգային կապերի գծով օգնական Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ Մաքս Վինսենթը:
Ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ի պատասխան լրագրողներից մեկի հնչեցրած հարցին՝ անդրադարձավ շուրջ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հարձակողական այն հայտարարությանը, որով վերջինս հավակնություններ էր ներկայացրել Երևանի՝ որպես ադրբեջանական պատմական հողերի վերադարձմանը:
Դեսպան Ջոնաթան Լաքոթը հորդորեց ուսումնասիրել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության՝ հարցի վերաբերյալ տարածած հայտարարությունը.
«Ես առաջարկում եմ ձեզ ևս մեկ անգամ հղում կատարել Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործոց նախարարության տարածած հաղորդագրությանը: Պարզապես կցանկանամ ասել, որ Ադրբեջանի նախագահի կողմից ձեր հիշատակած հայտարարությանը ֆրանսիական վերոհիշյալ պետական մարմինը արձագանքել է: Ֆրանսիան, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահությունը, պատասխանել են ադրբեջանական վերոհիշյալ հայտարարությանը: Եթե ավելի առարկայական ասեմ՝ Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնաս է բերում Ղարաբաղյան հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով լուծմանը: