«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը փաստերի արձանագրում է». Սերգեյ Բագրատյան
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունը` Հայաստանում իշխանության չարաշահման մասին, փաստերի արձանագրում է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ըստ նրա` ԱՄՆ-ը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, բնականաբար, կցանկանար, որպեսզի ՀՀ-ում լինեին մրցակցային պայմաններ, որպեսզի ներդրումներ ներգրավվեին, և երկիրը զարգանար: Ս. Բագրատյանը նշեց, որ ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիր է Կովկասում ուժերի հավասարակշռության պահպանումը, իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի տնտեսական զարգացման հստակ տեսլականի դեպքում:
«Դրա հիմքում պետք է դրվի մրցակցությունը, ազատ տնտեսական հարաբերությունների ձևավորումը, բնականաբար, նաև կոռուպցիոն ռիսկերի նվազումը: Դրանք ակնհայտ փաստեր են, և միջազգային զեկույցներում բազմաթիվ անգամ նշվել է, որ այն երևույթները, որոնք ԱՄՆ դեսպանը նշել է, իրապես գոյություն ունեն մեր տնտեսության մեջ»,- ասաց Բագրատյանը` հավելելով, որ հատկապես ապրիլից հետո ՀՀ իշխանությունների աշխատանքը պետք է լինի այս երևույթի դեմ պայքարը: