«Այս պահին մենք այլ թեկնածու չունենք». Գալուստ Սահակյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը բացառում է, որ ՀՀԿ-ում որևէ մեկը կճնշի որևէ մեկին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, որ, եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում դառնալ վարչապետ, ինչո՞ւ է կուսակցությունը ճնշում գործադրում նրա վրա, Գ.Սահակյանը նշեց, որ Ս.Սարգսյանի հայտարարությունը քաղաքական էր, իսկ Սարգսյանը միակն է, որ ՀՀ հզորագույն քաղաքական ուժի լիդերն է, որ մասնակցել է Արցախյան պատերազմին և արտաքին քաղաքականությանը, և կկարողանա այդ գործն առաջ տանել:
«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր խոսքը: Խնդիրը քաղաքական պիտի նայել: Դա քաղաքական հայտարարություն է, իրոք, նա այդ հայտարարությունը կատարել է, իրոք, որևէ խնդիր չենք տեսնում առաջիկայում: Այս պահին մենք այլ թեկնածու չունենք, դրա համար, կարծում եմ, որ կուսակցությունն իր խոսքը պետք է ներկայացնի»,- ասաց Գ.Սահակյանը` չհամաձայնելով, որ միայն մեկ թեկնածու ունենալը ՀՀԿ-ի ձախողումն է: