Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի՝ Ավստրալիական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Կորեայի քաղաքացիների համար սահմանվում է առանց մուտքի վիզայի ռեժիմ։
«Ընդ որում, սահմանվում է նաև իրենց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետները՝ համաձայն Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի։ Սա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները կարող են Հայաստանի տարածքում գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր։ Պետք է նշել, որ այդ չորս պետություններն առանձնանում են նրանով, որ ունեն շատ արտոնյալ մուտքի ռեժիմներ դեպի տարբեր պետություններ, իրենց շատ բնորոշ է բարձր ՀՆԱ-ն, ու նաև այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են ՀՀ-ի ու այդ պետությունների միջև»,- ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ այս որոշման ընդունումը ոչ միայն կխթանի Հայաստանի ու այդ պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլ նաև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների մշակույթի փոխճանաչման համար։
«Այս տարի քանի՞ երկիր եք պլանավորել արտոնյալ վիզային ռեժիմ տրամադրել»,- հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Վայ, անընդհատ, իրար հետևից անում ենք, ես չեմ կարող հիմա թիվ ասել»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը։
«Իսկ քանի՞ երկիր կա էդ ձեր բնութագրերում, որ ասեցիք՝ մեծ տնտեսություն, լավ ՀՆԱ, 170 երկրների հետ ռեժիմներ, հենց էդ ցանկն էլ դրեք ձեր առջև ու էս տարի արեք, անսպառ դաշտ ունեք»,- ասաց վարչապետը։
Շավարշ Քոչարյանն էլ ասաց, թե խոսքը վերաբերում է այն երկրներին, դեպի որոնց այդ չորս պետություններն ունեն արտոնյալ ռեժիմ։
«Ես հասկացա»,- ասաց վարչապետը: