«Վազգեն Սարգսյանը Երրորդ Հանրապետության պատմության առանցքային դեմքերից մեկն է». Նիկոլ Փաշինյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ճեպազրույցները սկսեց` հարգանքի խոսքեր հղելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
«Վազգեն Սարգսյանը Երրորդ Հանրապետության պատմության առանցքային դեմքերից մեկն է և Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի սիմվոլներից մեկը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Սակայն, ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել ամենաուժեղ թղթապանակի: Նա պարզաբանեց, որ նկատի ունի այն, որ 2016թ. պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զնեքերով և, փոխարենը բանակը ժամանակակից զենքերով սպառազինելու՝ Սերժ Սարգսյանն «անհեթեթ» պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը:
«Հոկտեմբերի 27-ը, բացի Հայաստանի Հնարապետության համար մութ և սև օր լինելուց, դա նաև Սերժ Սարգսյանի անձնական ձախողումն էր, որովհետև Սերժ Սարգսյանը, լինելով Ազգային անվտանգության նախարար, իր պարտականությունների մեջ էր մտնում ԱԺ պատգամավորների, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների անվտանգության ապահովումը: Հոկտեմբերի 27-ը հետևանք էր նրա, որ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային պարտականություններն Ազգային անվտանգության նախարարի կարգավիճակում պատշաճ չի կատարել»,- ասաց Ն.Փաշինյանը` հավելելով, որ լինելով գերագույն գլխավոր հրամանատար, Սերժ Սարգսյանը նույնպես չի կատարել իր պարտականությունները, ինչը հանգեցրել է հայկական կողմի համար տարածքային կորուստների ապրիլյան պատերազմի ժամանակ: