Բաժիններ՝

Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ

asparez.am-ը գրում է

«Իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը»

Կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը ծառայում է հատուկ նշանակության ջոկատում: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նախընտրում է դառնալ պայմանագրային զինծառայող: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ:

«Այդ ժամանակ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին: Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին եւ միայնակ մարտի բռնվեցի: Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց»,-պատմում է Ռազմիկ Գասպարյանը եւ նշում, որ հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է իրեն շփոթեցնել եւ գերի վերցնել:

«Նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին՝ արի ախպեր, ես հարցրեցի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա»,-պատմում է կրտսեր սերժանտը:

Ռազմիկ Գասպարյանն ասում է, որ թաքստոցից նկատել է, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն իրեն նշանառության տակ է վերցրել եւ այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների է դիմել:

«Միանգամից վերցրեցի զենքս եւ նրանցից մեկին սպանեցի, որից հետո բոլորը պառկեցին: Այդ ընթացքում ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին եւ հեռացանք: Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, այնպիսի դիրք ընդունեցի, որ թշնամին չիմանա՝ որտեղ եմ եւ այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկացնել»,-ասում է Ռազմիկ Գասպարյանը եւ շարունակում․

-Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի նման իրենց հրետանին թափվում էր գյուղի վրա: Զինվորներ ունեինք, որ մինչեւ վերջին կաթիլ արյունը մնացել էին խրամատի մեջ:

Կրտսեր սերժանտն ասում է նաեւ, որ մարտական ընկերներին շրջափակումից հանելու, Թալիշ մտած ադրբեջանական հետախուզական հատուկ խմբին ետ մղելու, հրամանատարին փրկելու համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Ռազմիկ Գասպարյանին հաջողվել է նաեւ անցնել սահմանն այն կողմ եւ մարտական ընկերների հետ հայկական տարածք բերել ադրբեջանական տեխնիկան:

«Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի տարածք, բայց մերոնք կրակել էին, տեխնիկան թողել, գնացել էին: Գիշերը մտանք «Ուրալ»-ը բերեցինք»,-ասում է նա եւ նշում պատերազմի ամենակարեւոր ձեռքբերումը:

«Ես կարողացել եմ իմ մարտական ընկերոջը փրկել՝ թեկուզ իմ կյանքը վտանգելով: Սա իմ անձնական ձեռքբերումն է։ Քառօրյա պատերազմի ժամանակ իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը: Նա իմ ընկերն է եղել, իմ մարտական ընկերը: Ինձ ցավալի էին բոլորի կորուստը, բայց երբ կորցնում ես քո ընկերոջը, դա կրկնակի ցավ է»,-նշում է նա:

Մանրամասն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս