«Ով ինչ զենքով գալիս է, նույն զենքով էլ կգնա». Արմեն Մարտիրոսյանը՝ Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու մասին

Երեկ Ազգային ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:

Նոր նախագահից ունեցած ակնկալիքների մասին 168.am-ը լսել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից մի քանիսի կարծիքները:

«Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատում է՝ ով ինչ զենքով գալիս է, նույն զենքով էլ կգնա.

«Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմամբ և նշանակմամբ Սահմանադրություն է խախտվել, ընդ որում՝ երկու կետով: Իրենց կողմից գրված և կեղծված նոր Սահմանադրությունն անգամ նշում է՝ չորրորդ նախագահից հետո միայն Ազգային ժողովն է ընտրում նոր նախագահ: Այսինքն՝ Արմեն Սարգսյանը՝ լինելով ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու, պետք է ընտրվեր ժողովրդի կողմից: Արմեն Սարգսյանին ժողովո՞ւրդն է ընտրել. ոչ:

Այսինքն, Սահմանադրություն է խախտվել: Երկրորդ խախտումով պետք է արձանագրենք, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացին «ընտրվել» է ՀՀ նախագահի պաշտոնում: Իսկ մտածե՞լ ՝ ինչ կլինի, եթե հանկարծ Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունենա Մեծ Բրիտանիայի հետ, եթե, իհարկե, չունի: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիայում, քաղաքացիությունն անձնագրով չի որոշվում: Որևէ մեկը քաղաքացիություն ընդունելուց երդում է տալիս, որը մոտավորապես այսպիսի բովանդակություն ունի՝ եթե որևէ երկիր շահերի բախում ունենա Մեծ Բրիտանիայի հետ, ես պարտավոր եմ ընտրել իմ երկրի շահը:

Հիմա անցնենք մեր ունեցած արդեն իսկ ակնհայտ խնդիրներից առաջինին. մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ի կազմում, որն իր հերթին՝ ստիպված, բայց ակնհայտ թշնամական քաղաքականություն է վարում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպական միության երկրներից շատերի հետ: Մյուս կողմից, մենք գտնվում ենք Ռուսաստանի հետ նույն ռազմական բլոկում, որը խնդրահարույց հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, իսկ ՆԱՏՕ-ի կազմում Մեծ Բրիտանիան ամենակարևոր խաղացողներից է:

Նույնիսկ այս ամենից զատ՝ անձամբ ինձ համար քաղաքացի լինելը շատ ավելի կարևոր հանգամանք է, քան այս կամ այն կրոնական պատկանելությունը: Քաղաքացիություն փոխելն ինձ համար ավելի դաժան մի բան է, քան նույնիսկ սեռ կամ կրոն փոխելը:

Հետևաբար, քաղաքացիությունն ինձ համար սեռից և կրոնից բարձր արժեք է: Ի՞նչ է նշանակում՝ լինել քաղաքացի: Դա նշանակում է, որ դու տվյալ պետության ուղնուծուծն ու աղն ես: Ես դեռ չեմ վիճարկում, թե ե՞րբ է նա քաղաքացիությունից հրաժարվել, կամ հրաժարվե՞լ է առհասարակ, թե՞ ոչ: Հիմա, պատկերավոր ասած, ստացվում է, որ 2014 թվականին իր հավատից հրաժարված մահմեդականին Հայաստանի Ազգային –ժողովն ընտրեց՝ որպես իրեն կաթողիկոս:

Սա Հայաստանի քրիստոնյայի համար ընդունելի՞ ընտրություն է: Իմ արժեհամակարգում մեկ այլ պետության քաղաքացու ՀՀ նախագահ դառնալը նույնն է, ինչ այլ կրոն և հավատք ունեցող մարդը դառնա մեր եկեղեցու առաջնորդը: Հետևաբար, ձեր հարցին ի պատասխան՝ ի՞նչ ակնկալիքներ ես ունեմ նոր «ընտրված» նախագահից, ստիպված եմ պատասխանել՝ իսկ ո՞վ ասաց, որ հայերի համար ընտրված մահմեդական կաթողիկոսն անպայման պետք է վատը լինի»:

Տեսանյութեր

Լրահոս