«Նախևառաջ՝ պետք է անհապաղ կերպով կանգնեցնել այս ահագնացող արտագաղթը, մեր երկիրը դատարկվում է». Դավիթ Գասպարյանը՝ նորընտիր նախագահին

Երեկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, իսկ քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:

Մինչ պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը, Արմեն Սարգսյանը նախաձեռնեց և ունեցավ մի շարք հանդիպումներ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս՝ Սփյուռքում: Նախագահի թեկնածուն հանդիպեց ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու առաջարկությունները, շոշափեց տրամադրությունները, արեց իր հետևությունները:

Արդեն ընտրված նոր նախագահից ունեցած ակնկալիքների մասին 168.am-ը լսել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից մի քանիսի կարծիքները:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է՝ նորընտիր նախագահի առնչությամբ որևէ գնահատականներ հնչեցնելու կամ ակնկալիքների մասին խոսելու համար դեռ վաղ է: Մեկ տարի անց միայն հնարավոր կլինի վերլուծել և գնահատականներ տալ նրա կատարած աշխատանքի որակի ու արդյունքների մասին.

«Հիմա ասենք՝ բարով կառավարի, և մաղթենք, որ երկրին՝ առողջապահության, տնտեսության, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր ոլորտներին, տեր կանգնի այնքանով, որքանով թույլ կտա իր ունեցած ուժը, հնարավորություններն ու գործառույթները:

Օրերս լսեցի, որ «Նաիրիտի» գույքն են սկսել վաճառել, ուրեմն ի՞նչ եղավ՝ «Նաիրիտը» փակեցի՞ն: Եթե մի ամբողջ երկիր մի «Նաիրիտ» չի կարողանում ոտքի կանգնեցնել, ուրեմն մենք անհուսալի կացության մեջ ենք: Մեր երկիրը կսկսի շնչել, եթե լսենք, որ ամեն տարի գոնե մեկ գործող արտադրամաս է հիմնվում, բնակչության թվաքանակն աճում է, այսքան մարդ վերադառնում է օտար ափերից: Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր՝ խայտառակ չափերի հասնող արտագաղթ:

Նախևառաջ՝ պետք է անհապաղ կերպով կանգնեցնել այս ահագնացող արտագաղթը, մեր երկիրը դատարկվում է: Երկիրն առողջացնելու, մթնոլորտը մաքրելու, ժողովրդից չկտրվելու և չհեռանալու անհրաժեշտություն կա: Նոր նախագահը դրսից իր հետ մի ամբողջ քաղաքակրթություն է բերել: Մնում է, որ կարողանա ինքնուրույն լինել՝ անկախ արտաքին աշխարհի թելադրած մարտահրավերներից, որովհետև մեծ աշխարհի հետ հազար ու մի կապեր կան, որոնցից շատերը միշտ չէ, որ կարող են օգտակար լինել մեր երկրի առաջընթացի ու անվտանգության համար:

Այսքանով հանդերձ, նոր նախագահին մաղթում եմ ոգու տոկունություն և, որ կարողանա պատվով կատարել իր վրա դրված դժվարին պարտականությունները, որն է՝ մեր երկրի ներկա վիճակը և դրանից պատվով դուրս գալու հնարավոր ելքերի փնտրտուքն ու դրանքց իրականացումը»,- ասաց գրականագետը:

Տեսանյութեր

Լրահոս